Օգոստոսի 18-ին քաղաքապետարանի «Երևանյան ամառ-2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում կկայանա ամենամյա Գարեջրի փառատոնը:
Միջոցառման նպատակը հանրությանը հայկական գարեջրի լավագույն ավանդույթները, գարեջրի տեղական շուկայում եղած նորամուծությունները, նոր ապրանքատեսակները ներկայացնելն է:
Փառատոնին մասնակցում են հայկական գարեջրի շուկայի առաջատար ընկերություններ, Երևանի գարեջրատները, սրճարաններն ու փաբերը: Այն հնարավորություն է տալիս տեղական արտադրողին ներկայանալու իր նոր արտադրանքով, իսկ երևանցիներին և հյուրերին՝ վայելել խմիչքը տոնական հանդիսության ներքո:
Գարեջրի փառատոնն անցկացվում է 2014 թվականից և «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի սիրված միջոցառումներից է:
«Երևանյան ամառ» ծրագիրն անցկացվում է արդեն վեցերորդ տարին անընդմեջ և բաղկացած է մարզական, մշակութային, ժամանցային, զբոսաշրջային բազմաբնույթ միջոցառումներից, փառատոններից, մրցաշարերից: Այս տարի այն նվիրված է Երևանի 2800-ամյակին:
«Երևան 2800» հիմնական տոնական միջոցառումներն այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 29-30-ին: Հետևեք տոնական միջոցառումներին ու դրանց մասին տեղեկատվություն ստացեք Yerevan2800.am-ից: