Արմեն Դուլյանի հրապարակումը.
Լավագույն մեկնաբանը…
Այս օրերին բոլորս մեզ ֆուտբոլային մեկնաբան ենք պատկերացնում ու փնովում աշխարհի առաջնությունը մեկնաբանող տղաներին՝ աղջիկ չկա, այնինչ շատ հետաքրքիր կլիներ… Էքսպերիմենտի կարգով առաջարկեցի Ֆեյսբուքի օգտատերերին որպես մեկնաբան պատկերացնել մեր քաղաքական և պետական գործիչներին… Չեմ թաքցնի՝ իմ նախընտրությունը Գագիկ Հարությունյանն է՝ ավելի քան 25 տարի լսել եմ այդ մարդու սահուն ու հանդարտ խոսքը, որը կարող է տևել ժամեր։ Ինձ թվում է՝ ոչինչ չասելու իմաստով իր հետ կարող են մրցել միայն Ֆիդել Կաստրոն և Ուգո Չավեսը… Ոմանք ասում են՝ Արմեն Աշոտյան… Ախր ֆուտբոլային մեկնաբանը պետք է անաչառ լինի, ոչ թե կենտրոնանա միայն ընդդիմադիր թիմի քննադատության վրա… Գալուստ Սահակյան… Լավ էլի՝ առանց այն էլ մեր մեկնաբանները ուրույն լեզու ունեն… Խաչիկ Ասրյան… Ախր կարող է իր արծիվների հետ միասին ներխուժել խաղադաշտ, չեզոքացնել մրցավարին ու շարունակել խաղը իր թելադրած կանոններով… Չերկարացնեմ, ուղղակի մի քանի մեջբերում… «Սերժիկ Սարգսյան՝ ինչքան ուզեն, այնքան էլ խփել կտա»… «Նիկոլին: Վստահ եմ նա շատ լավ կմեկնաբանի նախքան բուն թեմայից շեղվելը»… «Տիգրան Մուկուչյանին նշանակեք, միանգամից ձեր ուզած հաշիվն էլ կխփի տաբլոյին»… Բայց եթե թույլ տաք ես ընտրեմ առաջարկներից լավագույնը, նախապատվությունը կտամ այս մենկաբանությանը՝ «Էդվարդ Նալբանդյան։ Կլռի, կթողնի հանգիստ նայենք»…