Օտարերկրյա 3 քաղաքացի հունիսի 26-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում են տվել, որ իրենց ծանոթ Բալկար Ս.-ն ՀՀ-ում իրենց շրջագայությունը կազմակերպելու և նրանցից մեկին Կիպրոսի Հանրապետություն տեղափոխելու պատրվակով հունվարի 9-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանում, այնուհետև Լենինգրադյան փողոցում գտնվող հոսթելում յուրաքանչյուրից խաբեությամբ մաս-մաս վերցրել է 2 հազար դոլար և տիրացել նշված գումարին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, հունիսի 27-ին, ժամը 1.10-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, նշված խարդախությունը կատարելու կասկածանքով, Ազատության պողոտայի 9/3 շենքից բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1977 թ. ծնված Բալկար Ս.-ին: Բալկար Ս.-ն ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն: