Հունիսի 28-ին՝ Կառավարության նիստից հետո, մի խումբ քաղաքացիներ դիմել են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ազատությունից զրկման վայրերում գտնվող իրենց ազգականների իրավունքների պաշտպանության հարցով: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, նույն օրը Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ:
Ինչպես Պաշտպանին դիմած քաղաքացիների, այնպես էլ ազատազրկվածների բողոքների հիմնական մասը վերաբերել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում առկա խնդիրներին:
Այցի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել նաև ազատությունից զրկված այլ անձանց հետ։ Ստուգվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը և դրանց համապատասխանությունը պահանջներին:
Արձանագրված մի շարք խնդիրներ քննարկվել են ՔԿՀ-ի վարչակազմի հետ և տեղում ստացել լուծումներ, այդ թվում՝ կապված դատապարտյալի խուցը փոխելու, դատապարտյալի կողմից տրված լիազորագիրը հաստատելու, պատշաճ բժշկական օգնության ցուցաբերման հետ։
Բարձրացված մնացած հարցերը կքննարկվեն գրավոր ընթացակարգով: