Ռուբեն Շուխյանի հրապարակումը.
Լավ է, երբ հաղթում է ողջախոհությունը.
Դերասանուհի և պատգամավոր Ժաննա Գալստյանի Արցախի խորհրդարանում երկու օր առաջ անսպասելի, շատ տգեղ և անընդունելի վարքը բոլորին զարմացրեց, քանի որ նրան շատ լավ գիտեինք դեռևս 1988-ի երևանյան Օպերայի հրապարակի բոցաշունչ հայրենասիրական ելույներից: Հիշեցնենք, որ վիճաբանության ժամանակ դիմելով ծնունդով իջևանցի պատգամավոր Հայկ Խանումյանին, նա օգտագործել էր թուրքերեն «գյալմա» բառը, որը «եկվոր» է նշանակում:
Իհարկե դա անընդունելի վարք էր, և հիմա լավ է, որ հաղթել է ողջախոհությունը: Այսօր «Արցախպրեսին» տված հարցազրույցում Ժաննա Գալստյանը, անդրադառնալով այդ միջադեպին, մասնավորապես ասել է հետևյալը. «Ես խորապես ներողություն եմ խնդրում ողջ հայությանը «գյալմա» բառի համար, անզգուշություն եմ արել, քանի որ իմ շատ սիրած մարդիկ այդպես են ընկալել, այնինչ ես որևէ դիտավորություն չունեի տարանջատման իմաստ հաղորդելու այդ խոսքիս»:
Մենք հիմա մեր պատմության այնպիսի դժվարագույն փուլ ենք թևակոխել, որ ամեն դեպքում մեր ազգային միասնականությունը իրոք պետք է այսօր անսասան լինի: Եվ դա զուտ խոսքեր չեն: Դժվար է պատկերացնել, օրինակ, թե ինչ կլիներ, եթե հանկարծ 1919-1921 թթ. Սյունիքում «գյալմա» համարեին նախիջևանցի Նժդեհին, կամ 1915-ին Վանում «գյալմա» համարեին արցախցի Արամ Մանուկյանին, կամ 1918-ին Բաշ-Ապարանում «գյալմա» համարեին իգդիրցի Դրոյին, և այդ ցանկը կարելի է անվերջ շարունակել մինջև մեր օրերը: