Արմեն Աշոտյանի հրապարակումը.
Այս օրը մեր երկրում ազատության, բարոյականության և մարդկայնության յուրօրինակ թեստ էր։ Ասեմ, որ արդյունքներից գոհ եմ։
Ստեղծված իրավիճակում, անկախ մոլեգնող ագրեսիվ, անզուսպ և չարացած մթնոլորտից, ի հայտ եկան բազմաթիվ առողջ, բարոյական և ուժեղ մարդիկ, որոնք, մի կողմ դնելով իրենց շատ տարբեր քաղաքական հայացքները, դրսևորեցին քաղաքացիական և մարդկային պարկեշտ վերաբերմունք։
Հերթական անգամ համոզվեցի նաև, որ մեր երկրում խնդիրների շուրջ քննարկումների ընթացքում սահմանագիծը ոչ այնքան քաղաքական է, որքան տեսակային։ Angry birds և ha-ha սմայլիկների սիրահարների կողքին տեսանելի են նաև իրենց կարծիքն ու վերաբերմունքը խիզախ և շիտակ հայտնող մարդիկ։
Ինչ վերաբերում է «Գերագույն գլխավոր հրամանատարի» հարցին, ապա այսօր, Աստված մի արասցե պատերազմական պայմաններում, բոլորս պարտավոր ենք լինելու համախմբվել մեր Սահմանադրությամբ այս լիազորություններն ունեցող անձի շուրջ։
Պարզապես չուրանանք անցյալը, սեփական ընկալումները չդարձնենք հեղափոխական իմպերատիվ, մնանք ազատ, որպեսզի պատրաստ լինենք արտաքին արհավիրքների դեպքում մի կողմ դնել տարաձայնությունները և դառնալ մեկ ու միասնական բռունցք՝ հանուն Հայաստանի և Արցախի։