«Դոն Պիպոյի» կալանքի համար հիմքեր չկան, և նա պատրաստվում էր ներդրումներ անել Հայաստանում. պնդում է փաստաբանը. aysor.am
Advertisement 1000 x 90

«Դոն Պիպոյի» կալանքի համար հիմքեր չկան, և նա պատրաստվում էր ներդրումներ անել Հայաստանում. պնդում է փաստաբանը. aysor.am

«Դոն Պիպո» անունով հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել նրան կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։

«Արթուր Ասատրյանին կալանավորելու հիմքերն իսպառ բացակայում են»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Հակոբյանը։

Արթուր Ասատրյանն ու նրա փաստաբանը համաձայն չեն նաև առաջադրված մեղադրանքի հետ։

Հիշեցնենք՝ Ասատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը)։ Դոն Պիպոն կալանքի տակ է հունիսի 19-ից։

«Այս ընդհանուր մեղադրանքը կոնտեքստից կտրված է, և Արթուր Ասատրյանի սպանության նախապատրաստման մասով նախաքննությունն ավարտվել է։ Եթե կարճ ձևակերպեմ, ապա Արթուր Ասատրյանին մեղադրում են այն անձանց առևանգելու համար, որոնց վերաբերյալ գործը արդեն գտնվում է դատարանում։ Այսինքն՝ գոնե նախաքննական փուլով հաստատված հանգամանք ունենք, որ սպանության նախապատրաստական գործողությունները տեղի են ունեցել և նրան փաստացի մեղադրում են դրանք կանխելու համար»,- ասաց Գեղամ Հակոբյանը։

Առևանգում, որպես այդպիսին, փաստաբանի պնդմամբ, տեղի չի ունեցել։ Դիտարկմանը, թե ԱԱԾ-ն տեսանյութ էր հրապաարկել, որտեղ ըստ պաշտոնական հաղորդագրության, առևանգված անձինք պատասխանում են Արթուր Ասատրյանի հարցերին, փաստաբանը արձագանքեց. «Տեսանյութում առևանգում կա՞ր։ Սովորական, մարդիկ նստած էին ու հարցուփորձ էր ընթանում։ Առևանգում չկար, որևէ բռնություն չկար, կար ոչ կոպիտ խոսք։ Ուղղակի սխալ մեկնաբանվեց ի սկզբանե ու հասարակության շրջանում սխալ կարծիք եղավ»։

Անդրադառնալով կալանքի հիմքերին՝ փաստաբանն ասաց, որ դրանք գործում ընդհանրապես բացակայում են նախ այն պատճառով, որ այս քրեական գործը հարուցվել է 2017-ի մայիսին և շուրջ մեկ տարի այս գործի շրջանակներում Արթուր Ասատրյանը ճանաչվել է տուժող, մասնակցել է հարցաքննություններին, չի խոչընդոտել նախաքննությանը։

«Հիմա կալանավորել են՝ նշելով, որ վարույթն իրականացնող մարմնին կխոչընդոտի եթե ազատության մեջ լինի։ Որևէ նման բան չի կարող լինել։ Որևէ նման հանգամանք դատարանում չհիմնավորվեց, և կալանավորման հիմքերը ակնհայտորեն բացակայում են», -նշեց փաստաբանը։

Գեղամ Հակոբյանը նկատեց, որ իր պաշտպանյալը ներդրումային մեծ ծրագրով եկել էր Հայաստան, և հիմա անազատության մեջ է։ «Այս ամենը, իմ կարծիքով, կարող է մարդուն հիասթափեցնել նույնիսկ»,- նշեց փաստաբանը։

aysor.am