ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում տեղի ունեցած մի շարք չարաշահումների հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել 4 անձի, ևս մեկը գտնվում է կասկածյալի կարգավիճակում։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:
Նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ պոլիկլինիկայի տնօրենը տեղամասային մանկաբույժին 2015 թվականի հունվարից մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը ներառյալ ձևակերպել է նույն պոլիկլինիկայի մանկական բաժանմունքի վարիչի պաշտոնակատարի հաստիքի վրա և յուրացման եղանակով հափշտակել աշխատավարձի գումարը՝ 3.200.000 ՀՀ դրամ։
Բացի այդ, բազմակողմանի քննությամբ պարզվել են հանցավոր դրսևորման այլ դրվագներ ևս, մասնավորապես՝ աշխատանքի նշանակվելու համար կաշառք պահանջելու վերաբերյալ։
Պոլիկլինիկայի տնօրենը հուլիսի 2-ին վերականգնել է ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը՝ ՔԿ դեպոզիտ հաշվին փոխանցելով 3.500.000 ՀՀ դրամ։
Նշված քրեական գործով հուլիսի 5-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 4 անձի, ևս մեկ կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Նախաքննությունը շարունակվում է, և ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում են կատարվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բացահայտված դեպքերի բոլոր դրվագների բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու, հնարավոր հանցավոր այլ դրսևորումները պարզելու ուղղությամբ։
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ թիվ 16 պոլիկլինիկայում տեղի են ունեցել կաշառքի դրսևորման այլ դեպքեր ևս, և կոչ ենք անում քաղաքացիներին վարույթն իրականացնող մարմնին հայտնել իրենց հայտնի դեպքերի մասին։ Միաժամանակ պարզաբանում ենք, որ նման դեպքերում, օրենքով սահմանված կարգով, կկիրառվեն քրեական օրենսդրությամբ նախատեսված խրախուսական նորմերը։