«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ «Թումո»-ի և ՀՀ կրթության և գիտության նախարարության «Նոր սերնդի կրթություն» ծրագրի ամփոփիչ հանրային միջոցառումը։
Ծրագրի շրջանակում իրականացվել են մի շարք հանրային քննարկումներ, որոնց ընթացքում մասնակիցները կրթական ոլորտին վերաբերող իրենց առաջարկներն ու վերլուծություններ են ներկայացրել: Առաջարկների համար գործում էր նաև առցանց հարթակը, որտեղ ներկայացվել է ավելի քան 200 առաջարկ:
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք աշխատել են հանրակրթության, գիտության ոլորտների և ԲՈւՀ-երի մասնագետների հետ:
«Մենք իրենց հետ շատ մանրամասն աշխատել ենք խնդիրների և առաջարկների վրա: Բոլոր առաջարկները, նաև նրանք, որոնք առցանց են եղել՝ այժմ ներկայացնում ենք, որպեսզի քննարկման դնենք ու կարողանանք ամփոփել այս 7 շաբաթվա՝ մայիսի 26-հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածի ամբողջ աշխատանքը»,- նշեց Մարի Լուն:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը մի քանի պատճառ առանձնացրեց, թե ինչու են կարևորել այս նախաձեռնությունը:
«Բոլորս քաջ գիտակցում ենք, թե որքան մասնակցային է կրթությունը և այն մտնում է յուրաքանչյուրի ընտանիք: Սակայն, կրթության հետ կապված քաղաքականության որոշումները մասնակցային չեն կայացվել: Մենք շատ ենք կարևորում, որ այն մարդիկ, ովքեր ի վերջո պետք է փոփոխության կրողը պետք է լինեն, առնվազն քննարկումների փուլին մասնակցեն»,- ասաց Անափիոսյանը:
Նա ընդգծեց, որ պետք է պետական ինստիտուտների հենքի վրա կապիտալիզացնել փորձագիտական և մասնագիտական փորձառությունը:
«Թումո»-ի այս նախաձեռնությունն այն խողովակն է, որով մենք կկարողանանք վերցնել այդ փորձառությունը»,- նշեց ՀՀ ԿԳ փոխնախարարը: