«Ազգային ժողովի հետ ինչ-որ կա, ամեն ինչ բացահայտ է». ԱԺ նախկին նախագահը հարցաքննվե՞լ է մարտի 1-ի գործով. armlur.am
Advertisement 1000 x 90

«Ազգային ժողովի հետ ինչ-որ կա, ամեն ինչ բացահայտ է». ԱԺ նախկին նախագահը հարցաքննվե՞լ է մարտի 1-ի գործով. armlur.am

Հատուկ քննչական ծառայությունն առանձնահատուկ թափով ձեռնամուխ է եղել 2008թ. մարտի 1-ի քրեական գործի նախաքննությանը՝ իրականացնելով նոր հարցաքննություններ: Երեկ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտնել է, որ որպես վկա հարցաքննվել է Սեյրան Օհանյանը, ով այդ ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնն էր զբաղեցնում: Որպես վկա հարցաքննության է կանչվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: ՀՔԾ պետը նշել է, որ հարցաքննության են հրավիրվելու բոլոր այն անձինք, ովքեր կարող են որևիցե տվյալ հայտնել Մարտի 1-ի հետ կապված: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Մարտի 1-ի գործի բացահայտման մասին խոսել 2008թ. այդ օրերին տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձանց հետ:

Տիգրան Թորոսյան, ԱԺ նախկին նախագահ (2007-2008 թթ.)

-Պարո՛ն Թորոսյան, Մարտի 1-ի գործով Դուք երբևէ հարցաքննվե՞լ եք:

-Բայց ինչո՞ւ ինձ պիտի հարցաքննության կանչեին:

-Դուք այդ ժամանակ ԱԺ նախագահն էիք և գուցե որոշ տեղեկություններ ունենայիք հայտնելու:

-Ո՛չ, բնականաբար, որովհետև Ազգային ժողովի հետ ինչ-որ կա, ամեն ինչ բացահայտ է, և որևէ բան չկա, որ ինչ-որ հարցեր առաջացնի:

-Այս շրջանում էլ Ձեզ չե՞ն կանչել հարցաքննության:

-Ավարտենք խոսակցությունը, լավ:

-Բայց կարևոր հարց է: Գործը վերաբացվել է: Հիմա մարդիկ պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն:

-Ես արդեն պատասխանեցի:

-Հիմա սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով գործ է հարուցված: Դուք որքանո՞վ կապ ունեք դրա հետ:

-Չեղավ արդեն:

-Իսկ ովքե՞ր են Մարտի 1-ի գործով գլխավոր պատասխանատուները:

-Այդ խնդրի հետ կապված ես ոչ մի բան չունեմ ասելու: Այն, ինչ որ եղել է, ժամանակին, ես ասել եմ: Ոչ մի նոր բան չունեմ ասելու: Եվ Ազգային ժողովն այն տեղն է, որտեղ ամեն ինչ հրապարակավ է արվում, որևէ գաղտնի բան չի արվում:

armlur.am