Այսօր՝ հուլիսի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա Արսեն Սարգսյանը իր վարած УАЗ մակնիշի 35 MՏ 569 համարանիշի ավտոմեքենայով Լճաշեն գյուղի կենտրոնական փողոցում «Մարիետա Սաֆարյան» ԱՁ-ի դիմաց ճանապարհի բանուկ հատվածում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 9-ամյա Աշոտ Բաբայանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փոխուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված երեխային տեղափոխել Սևանի բժշկական կենտրոն: Դեպաի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան սովորում է Լճաշեն գյուղի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: