Հայաստանում մեկնարկելու է մեկանգամյա պլաստիկի օգտագործումն արգելող գործընթաց
Advertisement 1000 x 90

Հայաստանում մեկնարկելու է մեկանգամյա պլաստիկի օգտագործումն արգելող գործընթաց

Հայաստանը մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման արշավ է նախաձեռնում: Ծրագիրը կմեկնարկի մեկ համայնքից, այնուհետև կտարածվի մեկ մարզի ու վերջում ողջ հանրապետության մակարդակով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: «Գործընթացը կմեկնարկի մեկ համայնքից, հետո մարզի մակարդակով ու որոշակի ժամանակահատվածում Հայաստանը կմիանա այն երկրների շարքին, որտեղ արգելվել է մեկանգամյա պլաստիկի օգտագործումը»,- ասաց նախարարը:

Պաշտոնյայի խոսքով՝ աշխարհի շատ երկրներում արագ տեմպերով իրականացվում է այս գործընթացը, իր կարծիքով՝ առաջիկա 5-10 տարվա ընթացքում մեկանգամյա պլաստիկն արգելվելու է ամբողջ աշխարհում: «Մենք չենք կարող հիմա ամբողջովին արգելել պլաստիկի օգտագործումը, բայց այդպիսի գործընթաց ենք սկսում: Մեկ համայնքում, որի մասին կհայտարարենք շուտով, բոլոր բնակիչներին կբաժանենք կտորից տոպրակներ, միջոցառումներ կիրականացնենք պլաստիկե շշերի վերամշակման նպատակով»,-հավելեց նախարար Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է ֆինանսական հատկացումներին, ապա դրանք բյուջեից չեն լինի, այլ միջազգային գործընկերներից ստացած դրամաշնորհների առավել արդյունավետ օգտագործման արդյունքում: