«Ուզում էինք լավը, ստացվեց ինչպես միշտ». Մեսրոպ Մովսեսյան. a1plus.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ուզում էինք լավը, ստացվեց ինչպես միշտ». Մեսրոպ Մովսեսյան. a1plus.am

Մեր քաղաքի մասին նկարահանած անհամար կինո և տեսաֆիլմեր կան՝ ֆիլմ-համերգներից մինչև վավերագրական ու անգամ գեղարվեստական։ Այսօր էլ ֆիլմեր են նկարահանվում ու դեռ կնկարահանվեն, և յուրաքանչյուրն իր սերը, ջերմությունն ու կարոտը  կարտահայտի իր մայր քաղաքին, որն այնքան էլ սովորական մայրաքաղաք չէ, որը հայության կենտրոնն է, հավաքատեղին և արդեն հարյուր տարի։

Հարյուրամյա մայրաքաղաքը, որն ունի դարերից եկող պատմություն ու սեպագիր «ծննդյան վկայական», այս տարի աշնանը կտոնի իր 2800-ամյակը։

«Ա1+» հեռուստաընկերությունը որոշեց հոբելյանական ֆիլմ պատրաստել՝ իր նվեր-ֆիլմը։

Պրոֆեսիոնալների թիմ հավաքվեց, ովքեր դարձան նաև գաղափարակիցներ։ Ֆիլմ նկարելու համար հեռուստաընկերությունը բարձրակարգ կինոխցիկ և համապատասխան տեխնիկա որոշեց գնել։ Քաղաքապետարանն ու մշակույթի նախարարությունն , իմանալով նախաձեռնության մասին, խոստացան աջակցել, որը սակայն իրականություն չդարձավ։ Փոխարենը ֆինանսական աջակցություն ցուցաբերեց «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանի ընկերներից մեկը։

Թիմի անդամները ևս, նախագծի գաղափարով ոգևորված , որոշում կայացրին  հրաժարվել բարձր հոնորարից՝  հօգուտ տեխնիկայի գնման ։

Փետրվարից սկսվեցին նկարահանումները, որոնք իրականացվում էին ըստ սցենարական պլանի՝ խստագույն գրաֆիկով։ Նկարահանումների ժամանակ, սակայն,  պարզվեց, որ կինոխցիկը թերություն ունի և այդ մասին տեղեկացվեց արտադրող ընկերությանը, որից գնվել էր տեխնիկան։ Ընկերության ներկայացուցիչը, հասկանալով խնդրի լրջությունը , շտապ արձագանքեց և առանց որևէ թղթաբանական քաշքշուկի, նույնիսկ մինչև թերություն ունեցող կինոխցիկի վերադարձման փաստաթղթերը պատրաստ կլինեն՝  ուղարկեց նոր կինոխցիկ, որը չորս օր հետո արդեն FedEx Արմենիայի գրասենյակում էր։

Մինչդեռ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը ցուցաբերեց անտարբեր դիրքորոշում և տարբեր պատճառաբանություններ բերելով ու ամենաանհեթեթ փաստաթղթեր պահանջելով կինոխցիկի հանձնումը գնորդին մինչ օրս ուշացնում է։

Այն դեպքում, ըստ պարոն Մովսեսյանի,  երբ կարելի էր առաջին իսկ օրը լուծում տալ խնդրին և, ի դեպ , անհեթեթ փաստաթղթերի մասով ավելորդ անգամ չդառնալ ծիծաղի առարկա արտադրող ընկերության աչքում. «Այսինքն, ստացվում է, որ բյուրոկրատական մեքենան շարունակում է աշխատել»:

15 օր է նկարահանող խումբը պարապուրդի է մատնված և նկարահանումների գրաֆիկից շեղվել է։ Խախտվել են տարբեր օբյեկտներում նկարահանումներ իրականացնելու համար ձեռք բերված պայմանավորվածությունները և միայն ամենահրատապ նկարահանումների համար վարձակալվում է կինոխցիկ, որը ծախսատար է ընկերության համար՝ ֆիլմի առանց այդ էլ ֆինանսական սուղ բյուջեի պայմաններում։

«Ա1+» հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է և պրոդյուսերը ասաց, որ ստիպված է դիմել դատարան՝ ֆինանսական և բարոյական վնասների փոխհատուցում պահանջելու համար։

a1plus.am