Վահան Ասատրյան. «Վաղվա լուրեր. կույրերի երկրում միաչքանին արքա է»
Advertisement 1000 x 90

Վահան Ասատրյան. «Վաղվա լուրեր. կույրերի երկրում միաչքանին արքա է»

Վահան Ասատրյանի հրապարակումը.

Վաղվա լուրեր

Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության պայծառ լուսամփոփներից մեկը՝ ՀՀ Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչը սույն թվի մայիսի 10-ին ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին հրապարակային հայտարարություն էր արել, թե նա քոռ է ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև քաղաքական հեռատեսությամբ…

…սոցիալական ցանցերում վերջինիս անարգանքի փայտիկին գամելուց հետո երիտասարդ բարձրաստիճան թավշամանուկը հրապարակավ անհասցե ներողություն է խնդրել. «իսկապես չեմ կարողացել զսպել էմոցիաներս։… հետամուտ կլինեմ` այսուհետ չկրկնվի այսպիսի դեպք․․․»,-մասնավորապես ասել է թավշամանուկը…

…միաժամանակ, թավշամանուկ գործերի կառավարիչը հայտարարել է, որ իրավունք ուներ մարդուն «քոռ» անվանել. «Հ.Գ. կարծում եմ պետք է հաշվի առնել նաև, որ մայիսի 10֊ին ես պաշտոնյա չեմ եղել և որոշ առումներով կարող էի ինձ թույլ տալ էմոցիոնալ պայթյուն․․․»,- ասել է մեկ պարբերություն վեր հետամտական լինելու պատրաստ թավշամանուկը…

…իրավապաշտպան կառույցները պետական բարձրաստիճան պաշտոնյայի կողմից ատելության խոսքի (hate speach), ֆիզիկական արատ ունեցող անձի հանդեպ խտրական վերաբերմունքի դրսևորման մասին զեկուցել են Լենինի դամբարանին՝ մշտադիտարկման զեկույցներում․․․

..Ռուսաստանում տեղի ունեցած բռնի, շուշաթղթյա, ժողովրդական հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինի դամբարանը, ծանոթանալով թավշամանուկի տարածած հայտարարություններին, վաղը սոցցանցերում գրառում է կատարել, հայտարարելով, թե դամբուլի տեղը Գրանդ Քենդիի չրով շոկոլադի մեջ է, ոչ թե ՀՀ Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի աթոռին, քիչ անց հավելելով, թե. «ըստ էության, հեղափոխուոյունից հետո Գրանդ Քենդին դամբուլներով լցոնում է ոչ միայն շոկոլադը, այլև պետական պաշտոնները…

…Լենինի դամբարանն այնուհետև հայտարարել է, թե իրեն նման էմոցիոնալ հայտարարություն թույլ է տվել, քանի որ Գրանդ Քենդի չի ուտում և խոստացել է հետամուտ լինել…

…ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել. «հաշմանդամություն ունեցող անձի հանդեպ խտրական վերաբերմունքը անթույլատրելի է, առավել ևս՝ պետական բարձրաստիճան պաշտոնյայի կողմից…»

…ատելության խոսքի վերաբերյալ իրավապաշտպանների մեղադրանքը հետամտամանուկը մերժել է. «ես ատելության խոսք չեմ տարածել, այլ կյանքի խոսք…»,- վաղը ասել է թավշամանուկը…

…ՀՀ Վարչապետը վաղը ուղիղ կենդանի եթերում հորդորել է աչք փակել իր նշանակած պաշտոնյայի բառադիության վրա…

…հեղափոխական զանգվածները, որոնք հեղափոխության ընթացքում փակ էին պահում հանրապետության փողոցները, խոստացել են փակել երկու աչքը…

…Հայաստանի ակնաբուժների ասոցիացիան հայտարարել է, որ դադարեցնում է գործունեությունը երկրում, ուր մարդիկ աչք են փակում. «կույրերի երկրում միաչքանին արքա է»,- մասնավորապես ասված է ասոցիացիայի հայտարարության մեջ…

©հետամտական ցիրկ