«Միության անդամները պետք է որոշեն, ոչ թե՝ Երրորդ մասից մեկը փողոցով անցավ, պետք է որոշի՝ այս կազմակերպությունը լա՞վ է, թե՞ վատ». ԳՄ նախագահ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Միության անդամները պետք է որոշեն, ոչ թե՝ Երրորդ մասից մեկը փողոցով անցավ, պետք է որոշի՝ այս կազմակերպությունը լա՞վ է, թե՞ վատ». ԳՄ նախագահ

«Ստեղծագործական միությունները հասարակական կազմակերպություններ են, ինչի մասին մինչև այսօր շատ պաշտոնյաներ չեն իմացել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ ընդգծելով, որ ստեղծագործական միությունները որևէ նախարարության հետ կապ չունեն։

Խոսելով իրենց միության առաջ կանգնած խնդիրներից՝ միության նախագահն ասաց, որ վերջին տարիներին գրքերի տպագրության աջակցության ծրագիրը գլխատվեց, «Գրական տապան» միջազգային փառատոնը զրոյացվեց. ««Գիր» բառը որտեղ կար, դրա հանդեպ դրսևորվեց անհասկանալի ժխտողական վերաբերմունք, երևի դա նրանից էր, որ շատ պաշտոնյաներ ուղղակի փոքր տարիքից գիրք չեն կարդացել ու չգիտեն՝ ինչ բան է գիրը, գրականությունը»։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե միության ոչ անդամները բազմիցս ասել են, որ դրանք անպետք կառույցներ են, որոնք խրված են կոռուպցիոն ռիսկերի մեջ՝ Է. Միլիտոնյանն այսպես պատասխանեց. «Ես մեր միության մասով որևէ նման խոսք չեմ կարդացել, և չգիտեմ՝ դուք որտեղ եք տեսել։ Հասարակական կազմակերպությունները գոյատևում են նաև իրենց անդամների միջոցով, անդամներն են որոշում՝ միությունն ինչպիսին պետք է լինի, և այլն։ Այդ կառույցներն ունեն նաև որոշակի մրցակիցներ, որոնք մի քանի հոգով միանում են, կառույց են ստեղծում, անունը դնում են՝ համահայկական, տիեզերական հայկական, ամպեղեն հայկական, և այլն։ Ինչ վերաբերում է գրական կազմակերպությանը, ինքն իր անդամներով է որոշում՝ կացությունը, աշխատանքի ձևերը, ու անդամներն իրենք պետք է որոշեն՝ լավ է, վատ է, ոչ թե Երրորդ մասից մեկը փողոցով անցավ, պետք է որոշի՝ այս կազմակերպությունը լա՞վ է, թե՞ վատ։ Եկեք մի քիչ ավելի հիմնավոր նայենք ու նայենք արած գործերին, ոչ թե ինչ-որ մեկն ասեկոսեների մակարդակով ուղեղի մի մասով մի բան ասեց։ Եկեք՝ աշխատանքը նայեք։ Պետական միջոցներ մենք չենք ստանում, ստեղծագործական միություններն ինքնաբավ կառույցներ են»։

ԱՆԻ ՔԵՇԻՇՅԱՆ

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։