ԱԺ պատգամավոր Թևան Պողսոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սոցիալական ցանցերում մարդիկ «Սասնա Ծռերի» գովք-փառաբանումից սահուն անցում են կատարել նոր վարչապետի մեծարման-երկրպագմանը։ Բոլորս ենք տեսնում։ Իմ սիրելի Umood բլոգերը ժամանակ առաջ ասում էր՝
… Երկրում դեռևս մնացողները մշտապես կուռք են փնտրում…
… իր ուժերին չհավատացող ժողովուրդը կուռքերի կարիք ունի, միշտ ու ամենուրեք…
… Երկրի ժողովուրդն իր ուժերին չի հավատում…
… հավատում էր, հավատում էր սարի չափ…
… բայց տարեց-տարի հավատը մաշվեց ու մնաց մի բուռ քարի չափ…
… հիմա Երկրի ժողովուրդը կուռքեր է փնտրում, որ իր քարի չափ հավատը հենի սարի չափ թվացող կուռքերին, որ հավատա վաղվա օրվան ու ապրի…
… կուռքեր փնտրելու անսովոր Երկրի ժողովուրդը որտեղ ասես չի փնտրում ու գտնում իր կուռքերին…
… փնտրում է ուր պատահի…
… գտնում է ում պատահի…
… ու ծնվում են կուռքերն իրար հետևից…
… ծնվում են վաղվա օրվա հանդեպ Երկրի ժողովրդի վախից…
… ու նոր կուռքին գտած ժողովուրդը մի պահ լցվում է հավատով…
… ու նոր կուռքը մնում է պատվանդանին, մինչև այն պահը, երբ Երկրի ժողովուրդը հիասթափության ցավից գալարվելով հասկանում է, որ «սարը» սար չէր ու իրեն մնացել է իր ուժերի հանդեպ քարի չափ իր հավատը, որն հերթական հիասթափությունից ավելի է փոքրացել…
… էսպես փոքրանում է հավատի քարն ու փոքրանում…
… ու փոքրանալու է էնքան, մինչև օրերից մի օր հերթական կուռքի հետևից ընկած «հեղափոխական» կամ «ռեակցիոներ» կռապաշտը աչքերը վեր կբարձրացնի ու իր վերջին կուռքի աչքերում կկարդա իր տեսակի դատավճիռը…
… ու փոքրանալու է էնքան, քանի դեռ Երկրի ժողովուրդը չի հասկացել իր հանդեպ հավատի ժայռը ստեղծելու պարզ խորհուրդը…
… փոքրանալու է, քանի Երկրի երիտասարդը վայր չի նետել բոլոր կուռքերին իրենց փտած պատվանդաններից ու չի ազատվել կուռքեր ունենալու հին սերնդի հիվանդ մարմաջից…
… կռապաշտ հասարակություններն ապագա չունեն…
… ապագան սեփական ուժերին, հարազատին ու հարևանին, ընկերոջն ու հայրենակցին, սեփական երկրի քաղաքացուն վստահող ու թիկունք կանգնող ժողովուրդներինն է…
… ապագան յուրաքանչյուրի համար հոգացող ու բոլորին հարգող, մյուսի ցավով այրվող, «ուրիշի երեխա» չճանաչող, դռան առաջ «մետրը-մետրի մետլախ» չանող ժողովուրդներին է…
… ապագան մրցության մեջ մրցակցին իր հետևից տանող ժողովուրդներին է…
… ու մենք հաստատ կանք էդ ապագայում…
… որովհետև թեև բազում են դեռ հեռացող կուռքերի համար թախծող հավատապակասները, արդեն ոտքի են կանգնում նրանք, ովքեր իրենց ուժերի հանդեպ հավատի քարը դնում են մյուսինի կողքին…
… էդ քարը տեսա խոհանոցում կախված թղթի վրա՝ Չիչխանի վրա փոքր ՀԷԿ-ի շինարարությունը արգելելու պահանջով, վրան մեկ ստորագրություն՝ իմ ամենաերիտասարդ գործընկերոջ ստորագրությունը …
… տուն էի գնում, տեսա էդ թուղթն ու հետ դարձա, որ ավետեմ…
… որ գալիս են նրանք, ովքեր պահանջում են նախ իրենցից, պահանջում են հայրենակցից (բա հո չես ասի՝ քաղաքացիակցից) ու հետո նոր միայն՝ կառավարությունից…
… որ գալիս են նրանք, ում համար գրվել են Երկրի Սահմանադրության առաջին երկու հոդվածները…
… որ գալիս են նրանք, ովքեր գետնին գալարվելու փոխարեն փորձում են շարժել կողքինին…
… որ գալիս են նրանք, ովքեր իրենց հավատի քարը մեկնում են քո քարին ու կրկնապատկում հավատդ…
… որ գալիս են նրանք, ում հավատը էքսկավատորներ է շարժում ու վաղը սարեր է շարժելու…
…նրանց կուռքեր պետք չեն, նրանց հերիք է կողքին կանգած հայրենակցի հավատի ջերմությունը …
…Թռչկանը վկա…»: