Երևանի ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 20-30-ն ընկած ժամանակահատվածում. armtimes.com
Advertisement 1000 x 90

Երևանի ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 20-30-ն ընկած ժամանակահատվածում. armtimes.com

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, անցկացվելու են սեպտեմբերի 20-30-նն ընկած ժամանակահատվածում: Հստակ օրը դեռ հաստատված չէ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը զբաղեցրած պաշտոնից հրաժարվել էր հուլիսի 9-ին: Դրանից հետո, ըստ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, գործող ավագանին կարող էր իր կազմից ընտրել նոր քաղաքապետ: Բայց ավագանու երեք խմբակցություններից թեկնածու առաջադրվեց միայն «Երկիր ծիրանի»-ի ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Մյուս երկու խմբակցություններից՝ ՀՀԿ-ից և ԵԼՔ-ից, ոչ միայն թեկնածու չառաջադրվեց, այլև դրանք չմասնակցեցին քաղաքապետ ընտրելու նպատակով հրավիրված նիստին:

Այդ պարագայում օրենքը իրավասություն է տալիս կառավարությանը՝ կրճատել գործող ավագանու լիազորությունների ժամկետը և նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ:

«Երկիր ծիրանի» կուսակցությունը հայտարարել է, որ մասնակցելու է առաջիկա ընտրություններին: Սպասվում է, որ քաղաքական ուժի ցուցակը կգլխավորի Զարուհի Փոստանջյանը: Ինչ վերաբերում է ԵԼՔ-ին, ապա, ըստ մեր տեղեկությունների, առայժմ շարունակվում են քննարկումները՝ ընտրություններին դարձյալ ներկայանալ դաշինքո՞վ, թե՞ «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները կմասնակցեն առանձին-առանձին: Քանի դեռ այդ հարցի հետ կապված վերջնական որոշում չկա, միանշանակ չէ նաև, թե ով է լինելու այս քաղաքական ուժերի ընտրական ցուցակը գլխավորող գործիչը, հետևաբար նաև Երևանի քաղաքապետի թեկնածուն: Հիշեցնենք, որ ավագանու ընտրություններում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին ստացած քաղաքական ուժի ցուցակը գլխավորող թեկնածուն համարվում է ընտրված քաղաքապետ: Հակառակ դեպքում խմբակցությունների թեկնածուների միջև ընտրություն է կատարվում նորընտիր ավագանու նիստում:

Առայժմ, որպես ԵԼՔ դաշինքի կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու շրջանառվել են տարբեր անուններ, այդ թվում՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի և դերասան, պրոդյուսեր Հայկ Մարությանի:

armtimes.com