Կարգալույծ հռչակված Կորյուն աբեղա Առաքելյանի դավանաբանական և կանոնական խախտումներն ու շեղումները
Advertisement 1000 x 90

Կարգալույծ հռչակված Կորյուն աբեղա Առաքելյանի դավանաբանական և կանոնական խախտումներն ու շեղումները

Ա. Դավանաբանական շեղումներ

Վազգեն Սարգսյանին Սուրբ Հոգին ոչնչացրեց: Դա Աստծո հրաշքն էր (https://www.youtube.com/watch?v=b1w1JG8IIhg):

Հայտարարությունը հակառակ է Քրիստոնեական Սուրբ Եկեղեցու դավանաբանությանը: Սուրբ Հոգին մխիթարիչ է (Հովհ. 14.25), զորություն, շնորհներ պարգևող է (Գործք 1.8), ներշնչող է, կենդանարար, ազատիչ և ոչ պատժող, ոչ բռնադատող (Սուրբ Գրիգոր Տաթևացի): Ըստ հավատո հանգանակի Սուրբ Հոգին անեղն եւ կատարյալ է, ինչը բացառում է, թե Սուրբ Հոգին կարող է մարդասպան լինել:

Բ. Կանոնական շեղումներ

Կորյուն աբեղա Առաքելյանը հայտարարում է, որ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Աստծուց ուղարկված, ընտրված չէ, Սուրբ Հոգով ընտրված չէ, միանշանակ /https://www.youtube.com/watch?v=lm8p09CgLVg&t=181s -/ Hraparak Oratert /
Նման դիրքորոշում է արտահայտել նաև Վազգեն Ա և Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսների վերաբերյալ: Նրանք КГБ-ի դրածո ենhttps://www.youtube.com/watch?v=b1w1JG8IIhg/:

Կորյուն աբեղան հայտարարում է՝ Արամ Առաջինին կաթողիկոս չեմ համարում, նրան անվանում է փալաս, կեղծ դիմակների տակ, դաշնակցականների ոտքի կոխան, ավելի սարսափելի՝ իր վատի մեջ: /https://www.youtube.com/watch?v=NGMBB2muoLIhttps://www.youtube.com/watch?v=lm8p09CgLVg&t=181s — /Hraparak Oratert //
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվում է Ազգային-Եկեղեցական ժողովի կողմից, որին մասնակցում է համայն հայությունը իր պատգամավորներով՝ ըստ պատմականորեն նվիրագործված ավանդույթի և կանոնների:

Հայ Եկեղեցին հիմնվում է այն համոզման վրա, որ Ազգային-Եկեղեցական ժողովում Սուրբ Հոգու ներգործությունը առավել զորեղ է, քան որևէ քաղաքական միջամտություն, իսկ կաթողիկոսական ձեռնադրությունը, անկախ ընտրության ձևից, արդեն իսկ նվիրագործում է Կաթողիկոսի հանգամանքը:

Կորյուն աբեղան, խեղաթյուրված մեկնաբանելով կարգալուծության հասկացությունը, հայտարարում է՝ հոգևոր աստիճանը, կարգը, օծումը անջնջելի են, Սուրբ Հոգու տվածն է և վերջ: Հայտնել է նաև, որ կարգալույծ հռչակվելուց հետո, չընդունելով նման հասկացություն, հաջորդ օրն իսկ պատարագելու է: /https://www.youtube.com/watch?v=lm8p09CgLVg&t=181s — Hraparak Oratert /:

Նման կարծիքը, թե հոգևոր աստիճանը կամ օծումը անջնջելի է, միմիայն Կաթոլիկ Եկեղեցու Տրիտենդյան (1545-1563 թթ.) ժողովի մասնավոր վարդապետությունն է: Հայ Եկեղեցու կանոնները հստակորեն մատնանշում են, որ խոսքը վերաբերում է եկեղեցականի` եպիսկոպոսի, քահանայի, սարկավագի կարգից լուծարելուն, օծյալ հոգևորականի քահանայությունը, ինչպես նաև օծումից լուծարելուն, հրամայում, հրահանգում են լուծարել քահանայությունը, լուծարել քահանայական կարգից: Հայ Եկեղեցու ավանդության մեջ հոգևոր կարգը ոչ թե անջնջելի է, այլ անկրկնելի, քանի որ եթե կարգալույծ հռչակված անձը ապաշխարում և հետ է վերադառնում հոգևոր ասպարեզ, նրան վերստին չեն ձեռնադրում, այլ կատարվում է ապաշխարության կարգ:

Իսկ կարգը լուծարելու վերաբերյալ բազմաթիվ կանոններ հոգևորականի «կարգի լուծարում» հասկացությունն արտահայտում են տարբեր կապակցություններով, որոնք հիմնականում «լուծարում» իմաստն են նշանակում` հիմնվելով եկեղեցական կանոններում գործածված «լուծցի»«լուծանել» սահմանումների վրա:
Օրինակ`
լուծեալ լիցին ի սարկաւագութենէն (Կանոնք Սրբոյն Սահակայ Հայոց Հայրապետի, կանոն ՇԼԶ (ՇԼԲ) ԺԷ):
քահանայութիւնն լուծցի կամ յերիցութենէն լուծցի (Սահմանք եւ կանոնք կարգի Աստուծոյ սրբոյ եկեղեցւոյ, զոր եդին վարդապետք Հայոց ի լրութիւն Առաքելական եւ Նիկիական կանոնաց հաստատութիւն, կանոններ ՇՂԳ (ՇՁԹ) ԺԹ, ՇՁԳ (ՇՀԹ) Թ, ՇՂԳ (ՇՁԹ) ԺԹ),
թէ քահանայ է` լուծցի, նզովիւք լուծցի (Կանոնք Ներսէսի Կաթողիկոսի, կանոններ ՈԺԶ (ՈԺԲ) Ը, ՈԻԷ (ՈԻԳ) ԺԹ),
լուծցի ի քահանայութենէն, անիծեալ լիցի քահանայն եւ ի կարգէն լուծցի (Կանոնք Կիւրղի Աղեքսանդրացւոյ, կանոններ ՉՁԸ (ՉՁԱ) Բ, ՉՂԱ (ՉՁԴ) Ե),
լուծցին յիւրաքանչիւր աշտիճանէ (Կանոնական գիր Տեառն Եպիփանու ասացեալ, կանոններ ՉՂԲ (ՉՁԵ) Ա),
լուծցի յաւծմանէն եւ եղիցի նզովեալ (Բարսղի գիր կանոնական, կանոն ՌՀԱ (ՌԿԳ) ՃԼԸ):

Ուխտի խախտում
Աբեղան խախտում է նաև կուսակրոն քահանայության ուխտագիրը, ինչպես նաև եկեղեցում Սուրբ Խորանի առաջ հաստատած իր ուխտը՝ հնազանդ լինելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Այս ուխտագիրը բարձրաձայն հայտարարվել է և դրա գրավոր տեքստը ստորագրվել է Կորյուն աբեղայի կողմից. «խոստանում և ուխտում եմ… պահպանել Հայրապետահաստատ կանոնները, ուրանալ իմ անձը և մնալ սուրբ հայրերի հաստատած կանոնների մեջ…ամենայն հնազանդությամբ գործադրել միաբանական ուխտի կանոնները, լինել հնազանդ Ամենայն Հայոց Հայրապետի հրամաններին» (Ուխտագիր կուսակրոն քահանայության):

Կորյուն աբեղայի կեցվածքը դատապարտվում է նաև եկեղեցական կանոնով —
Երէց ոք կամ սարկաւագ արհամարհեաց զիւրոյ եպիսկոպոսին զհրաման, իբրեւ մերժեալ էր զնոսա յեկեղեցւոյ եւ առանձին ժողովեցան կամ ժողովեսցին եւ սեղան հաստատեցին եւ ի կոչ եպիսկոպոսին ոչ եկին եւ ընդդէմ եղեն եւ անարգեցին եւ ոչ կամեցան զբանս նորա յանձն առնուլ եւ լսել, իբրեւ միանգամ եւ երկիցս կոչեաց, զայնպիսիսն բնաւին մերժել արժան է եւ ոչ եւս մխիթարութեան ինչ հասուցանել իբրեւ ոչ եւս կարող են զնոյն պատիւ ընդունել ամենեւին։
Ապա եթէ յամեսցեն եւս ի նմին իրս խռովութիւնս առնել եւ ամբոխս յարուցանել յեկեղեցւոյ վերայ յարտաքին իշխանութենէ եւ ի զաւրութենէ ուստեք, զայնպիսիսն իբրեւ զխռովարարս դարձուցանել եւ սանձաբեկ առնել արժան է։ Վասն քահանայից որ ոչ հնազանդին եպիսկոպոսի (Կանոնք Անտիոքայ գլուխք ԻԵ, Ե)։

Եկեղեցին, որ ի Քրիստոսէ կալաւ զիշխանութիւն արձակելոյ և կապելոյ, ունի զիշխանութիւն զենթարկեցեալս իւրս մեղանչօղս, որք են անհնազանդք, հոգևորաւ պատժով պատժելոյ (Կարճառօտագունղ համառօտութիւն ընդհանրականի աստուածաբանութեան խոկականի, ուսումնականի, դրականի, բարոյականի և այլն, Գլուխ ԿԸ, Յաղագս բանադրանաց, յամի Տեառն 1736, ի հայրապետութեան Տեառն Աբրահամու Ամենայն Հայոց Կաթողիկոսի, էջ 251):

Կորյուն աբեղան առանց որևէ փաստի հայտարարեց, որ Կաթողիկոսը Մայր Տաճարը ոչ թե վերանորոգում է, այլ ուզում է հիմնովին քանդել, որպեսզի իր համար ավելի ընդարձակ տաճար կառուցի (https://www.youtube.com/watch?v=jgqRYdsXGrs — Tert.am):

Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը 2012 թվականի մասնագիտական գնահատմամբ գտնվում է վթարային վիճակում և կարիք ուներ հիմնանորոգության, ինչի պատճառով կատարվել են փորձագիտական բազմակողմանի հետազոտություններ, ապա կազմվել նախագծային և շինարարական աշխատանքներ: 2012-2015 թթ. մասնագիտական փորձաքննությունը կատարվել են իտալացի, ճապոնացի և ֆրանսիացի փորձագետների կողմից: Բացի այդ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը ներառնված է ՅՈՒՆԵՍԿՕ-իհամաշխարհային ժառանգության ցանկում, և առանց հատուկ նախատեսումների այստեղ շինարարական աշխատանքներ չեն կարող իրականացվել: Հետևաբար Մայր Տաճարը քանդելու մասին հայտարարությունները չունեն որևէ փաստական հիմք:

Կորյուն աբեղայի մեկ այլ անհիմն հայտարություն, թե Սուրբ Գեղարդը վաճառված է:

Սուրբ Գեղարդը չի վաճառվել որևէ անձին, այլ քրիստոնեական եկեղեցիների միջև մասունքների փոխանակման ավանդության շրջանակներում Ս. Գեղարդի մեկ ասեղնաչափ հատված Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսեյ Բ Պատրիարքի օրհնությամբ և Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի միջնորդությամբ նվիրաբերվել է Ռուս Ուղղափառ Եկեղեցուն, որը պահվում է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կոնստանս վանքում: Իսկ հուլիսի 7-ին Սուրբ Գեղարդը ամբողջական, անվնաս և հայրապետական կնիքներով հանդերձ դրվեց Մայր Տաճարում՝ ի տես և ի խոնարհումն հավատացյալների:

Հուլիսի 14-ին Գնդեվանքի ճանապարհին Կորյուն աբեղայի կողմից Վեհափառ Հայրապետի ճանապարհի արգելափակումը, վիրավորանքներ և մեղադրանքներ հնչեցնելը:

Առհասարակ որևէ հոգևորական իրավունք չունի բռնություն և սպառնալիք հնչեցնել որևէ անձի հասցեին, նամանավանդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Հոգևորականը կոչված է լինելու ոչ թե բռնության, այլ խաղաղության և հանդարտության քարոզիչն ու օրինակը: Սուրբ Գիրքը հորդորում է. Զխաղաղութեան զհետ երթա́յք ընդ միմեանս՝ եւ զսրբութեան. առանց որոյ ո́չ ոք տեսանիցէ զՏէր: (Եբր 12:14)
Խաղաղութիւնն Քրիստոսի հաստատեսցի ի սիրտս ձեր, յոր եւ կոչեցարուք: (Կող 3:15)

Պտուղ Հոգւոյն ա́յս է. սէր, խնդութիւն, խաղաղութի́ւն, երկայնմտութի́ւն: (Գղ 5:22)

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ