Հուլիսի 18-ին, «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից «ԱՄՆ Խաղաղության կորպուսի» աջակցությամբ կազմակերպված «Ստեղծագործական անգլերեն» ամառային դպրոցի մասնակիցներին ճանաչողական այցով հյուրընկալվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը:
«Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը ողջունեց պատվավոր հյուրին, կարևորեց ՀՀ Վարչապետի տիկնոջ այցը և մասնակցությունն ամառային դպրոցի միջոցառումներին՝ շեշտադրելով երիտասարդ սերնդի կրթման և կարողությունների զարգացման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը և ջանքերի համատեղումը՝ որպես հաջողության գրավական:
Այցի ընթացքում տիկին Հակոբյանը ծանոթացավ ամառային դպրոցի ուսումնական ծրագրին, դասավանդման մեթոդաբանությանը, հետևեց խմբային պարապմունքներին՝ ունկնդրելով տարբեր թեմաների շուրջ երեխաների անգլերեն լեզվով ներկայացումները:
Այցի երկրորդ հատվածում, ամառային դպրոցի մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերը ուղղել ՀՀ Վարչապետի տիկնոջը: Քննարկման ընթացքում մասնակիցների կողմից մեծ խանդավառությամբ և ոգևորությամբ բարձրաձայնվեցին կրթական համակարգին, երիտասարդության զբաղվածության, մասնագիտական կողմնորշման և բազմաթիվ այլ ոլորտների վերաբերող հարցեր, որոնց տիկին Հակոբյանն անդրադարձավ բազմակողմանի և հանգամանալից պատասխաններով՝ սպառելով մասնակիցների հուզող բոլոր հարցերը: Իր ամփոփիչ ելույթում Աննա Հակոբյանը բարձր գնահատեց երեխաների պատրաստվածությունը և ընդգծեց ՀՀ-ում մեկնարկած ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության ապահովման կարևորությունն ու դրանց արդյունավետության երաշխավորման գործում մեր խոստումնալից և տաղանդավոր երիտասարդների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտությունը:
«Ստեղծագործական անգլերեն» ամառային դպրոցը մեկնարկել է ս.թ. հուլիսի 15-ին՝ մեկ ընդհանուր ուսումնական հարթակում համախմբելով 7-ից 12-րդ դասարանների թվով 60 աշակերտների, ովքեր հանդիսանում են «Պոեզիայի և ասմունքի ազգային մրցույթի» 2018թ.-ի հաղթողները: Ամառային դպրոցի մեթոդաբանությունը համալրված է նորարական մոտեցումներով՝ համախմբելով իր մեջ կրթական, երաժշտական, մարզական, մշակութային բազմաթիվ միջոցառումներ և գործողություններ: Ամառային դպրոցն իր միջոցառումների շարքը կամփոփի հուլիսի 20-ին՝ հյուրընկալելով տեղական և միջազգային կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչների: