Հոկտեմբերի 25-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի է ունեցել երկու և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձի փոխհատուցման հավաստագրերի հանձնման արարողությունը։ Նշենք, որ ՀԵՀ-ն ուսումնառության ամբողջ ընթացքում փոխհատուցում է պետական և 2014 թվականից հետո հավատարմագրված ոչ պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատում սովորող, երկու ու ավելի երեխա ունեցողների ուսման վարձն ամբողջությամբ։
Այս ուսումնական տարվա առաջին կիսամյակում աջակցություն են ստանում երեխաներ ունեցող 47 ուսանողներ։ Նրանցից 18-ը ոչ պետական բուհերից են, 29-ը՝ պետական։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, շնորհավորելով կրթաթոշակ ստացողներին, նկատել է, որ տարեցտարի ծրագրի շահառուների թիվն ավելանում է։ «Երեխաներ ունեցող ուսանողներին աջակցելու ծրագիրը ՀԵՀ-ը սկսել է 2014 թվականից։ Նախաձեռնությունը նպատակ ունի աջակցություն ցուցաբերել երիտասարդ ընտանիքներին, նպաստել երիտասարդների կրթության շարունակելիությանը, երկրորդ մասնագիտություն ստանալուն։ Սակայն ուզում եմ նշել, որ ոմանք փորձում են ստվեր գցել այս ծրագրի վրա։ Այս տարի կտրուկ մեծացավ հայտ ներկայացնող ուսանողների թիվը։ Այս պահին մի քանի բուհում սովորողների հայտեր դեռևս ուսումնասիրվում են։ Ես կոչ եմ անում այդ մարդկանց չփորձել ստվեր գցել ծրագրի վրա։ Եթե փորձեն դասավորել կամ ներկայացնել ոչ իրական փաստաթղթեր, ապա մենք չենք կարող իրականացնել ծրագիրը պատշաճ մակարդակով, և տուժելու են այն երիտասարդներն ու ընտանիքները, որոնք իրոք համապատասխանում են այս ծրագրի չափորոշիչներին։ Մենք հետևողական ենք լինելու և թույլ չենք տալու նման քայլեր այս հաջողված նախաձեռնության դեմ»,- նշել է Կարեն Ավագյանը։
Գոհար Առաքելյանը սովորում է «Եվրասիա» միջազգային համալսարանի երրորդ կուրսում։ Ապագա տնտեսագետ է, երեք և չորս տարեկան երկու երեխաների մայր է։ Ծրագրի մասին տեղեկացել է համակուրսեցիներից։ Գոհարը նշում է, որ շատ դժվար է երեխաների հետ սովորել, սակայն երբ կողքիդ կան օգնող մարդիկ, և ունես նպատակ, ապա դժվարությունները հաղթահարելի են։ Ուսանող-մայրիկն ընդգծում է, որ այս ծրագիրը շատ մեծ ֆինանսական օգնություն է։
Գորիսի պետական համալսարանի ուսանողուհի Ժասմեն Առուստամյանը Երիտասարդական հիմնադրամի ուսման վարձի փոխհատուցման ծրագրից օգտվում է արդեն երրորդ տարին։ Առաջին անգամ աջակցություն ստացել է, երբ սովորում էր երկրորդ կուրսում, այս տարի արդեն ավարտում է բուհը։
Տեղեկացնենք, որ ծրագրի մեկնարկի առաջին տարում ուսման վարձի փոխհատուցում ստացել է երեխաներ ունեցող 7 ուսանող։ Անցած կիսամյակ նրանց թիվը 17 էր։
Այստեղ կարող եք ծանոթանալ ուսման վարձի փոխհատուցում ստացած ուսանող-ծնողների անվանացանկին: