Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում հուլիսի 1-ին մեկամյա երեխայի մահվան ցավալի փաստի շուրջ շահարկումներին, բուժհաստատության վերակենդանացման բաժանմունքի վարիչ, մանկաբույժ Աննա Չոբանյանի խոսքով, պետք է վերջ դնել:
«Երեխայի մահվան հետ կապված իրարամերժ տեղեկություններ են հրապարակվում, որոշ դեպքերում ճիշտ չեն փոխանցվում մեր իսկ հաղորդած մանրամասները: Այս առումով, ուզում եմ շեշտել, որ պատվաստումը` ԿԿԽ, երեխան ստացել է հունիսի 19-ին և ոչ թե 29-ին, ինչպես թյուրիմացաբար կամ անփութորեն փոխանցել է լրատվամիջոցը: Բացի այդ, երեխայի մահվան պատճառ հանդիսացած հիվանդությունը պատվաստման հետ կապ չունի»,- շեշտեց հայտնի մանկաբույժը, որը երեխային բուժօգնություն է ցուցաբերել:
Երեխան հիվանդացել էր աղիքային ինֆեկցիայով 2 ամիս առաջ, բուժվել էր ստացիոնարում, ըստ բնակության վայրի: Ներկա հիվանդությունը սկսվել էր պատվաստում ստանալուց օրեր անց` հիվանդանոց ընդունվելուց 4 օր առաջ` 39-40,5 ջերմությամբ: Հուլիսի 30-ին հոսպիտալացվել է Մասիսի ԲԿ, որտեղից վիճակի ծանրության պատճառով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Ընդունվելու պահին վիճակը ծայրահեղ ծանր է եղել: Երեխան ստացել է արհեստական շնչառություն:
Կատարված հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է սուր վիրուսային վարակ, երկկողմանի թոքաբորբ, շնչական անբավարարություն՝ 3-րդ աստիճան, աղիքային /ինտեստինալ/ համախտանիշ: Ընդունվերուց 10-ը ժամ հետո երեխան մահացել է:
Հերձման պաթոհիստոլոգիական հետազոտությունը, և ոչ թե հետաքննությունը ընթացքում է: