Հուլիսի 19-ին Աբովյան 7 հասցեում բացվեց նոր՝ «Զանգակ» գրատունը։ «Ճամփորդը» շրջել է գրատնով ու առանձնացրել մի քանի պատճառ՝ անպայման գրատուն այցելելու համար։
Կոտրում են կարծրատիպերը
«Զանգակ» գրատանը շրջելիս հասկանում ես, որ այն ստեղծած՝ գրական-գրահրատարակչական գործով զբաղվող մարդկիկ նախ և առաջ ընթերցող են, ու լավ, փորձառու ընթերցող։ Սա զգացվում է թե՛ դիզայնից, թե՛ լուծումներից, թե՛, անգամ, գրքերի դասավորությունից։
Մենք սովորաբար «խիստ» գրախանութներից ենք օգտվում, որտեղ ընդունված է լուռ լինել, «չշեղվել» այլևայլությունների վրա և այլն։ Սովորաբար սրա պատճառը լինում է գրախանութների փոքր լինելը, մեղադրելու չէ, վստահաբար նրանք ևս կուզեին «բազմաֆունկցիոնալ» տարածք ստեղծել, ափսոս, հնարավորությունները չեն ներում։ Բայց ցանկացած գրքասեր երազում էր մի վայրի մասին, որտեղ հնարավոր կլիներ ոչ միայն գիրք գնել, այլ հենց տեղում թերթել այն։ Երազանքները կատարվում են. նոր գրատանը կարելի է ոչ միայն գրքեր գնել ու ընթերցել դրանք հատուկ անկյունում, այլ անգամ սրճել առաջին հարկում, շփվել հատուկ բաց տարածքում, և այլն։
Հիմնադիրները գիտեն, որ մենք սիրում ենք ընթերցելիս ինչ-որ խմիչք ֆռթացնել, մի անկյուն գտնել ու ինքնամոռաց նշումներ անել գրքերի վրա, հետո նույն ոգևորությամբ քննարկել դրանք այլ գրքասերների հետ։ Պայմանները ստեղծված են, դասականին հիշելով՝ մեր ձեռքը կբռնեն, ցավը կըմբռնեն, կվառեն ուրիշ լույսեր մեր հոգում։ Մնում է գնալ, տեսնել, վայելել։
Ամբողջությամբ՝ champord.am