Այսօր՝ հուլիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Վահանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերոկում բախվել են Երևան բնակիչներ՝ 54-ամյա Ռուզաննա Խաչատրյանի վարած Opel Omega մակնիշի 17 ՏՕ 832 համարանիշի, 45-ամյա Մարտին Գասպարյանի վարած Mercedes մակնիշի 29 ՕՍ 449 համարանիշի և Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ՝ 32-ամյա Գեղամ Զոհրաբյանի վարած Газель մակնիշի 34 CA 436 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինի ուղևոր՝ Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ, 10-ամյա Ավետ Զոհրաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև նույն բաժնի հատաքննչական խումբը՝ հետաքննիչ Հրաչյա Թորոսյանի գլխավորությամբ։
Տեղում աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Բախման հետևանքով Газель-ը կողաշրջվել և ընկել է ճանապարհի երկաթե արգելապատնեշի վրա։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: