Սիրելի Հայրենակիցներ,
Երեկ Հրապարակ թերթում կարդացի մի հոդված կապված Կամուրջ վարկային կազմակերպության հետ, որտեղ հեղինակը մեղմ ասած, սխալ այլ տեղեկատվությունների հետ մեկտեղ, հոդվածի վերջում շոշափում է նաև իմ անունը՝ կարծում եմ հարցին լրացուցիչ հնչեղություն տալու մտադրությունով: Թերևս այլ պայմաններում երբեք չէի անրադառնա այս անհեթեթությանը, սակայն միգուցե ձևավորված մթնոլորտում կլինեն մարդիկ, որոնք կարող են մի պահ կարծել թե գրվածը կարող է ճշմարտության հետ աղերսներ ունենալ: Հետևապես կցանկանայի 3 դիտարկում անել.
Ա) Հորդորում եմ և սիրով պատրաստ եմ պատկան ցանկացած մարմնի հետ ցանկացած ձևաչափով համագործակցել պարզելու, թե արդյոք եղել են իմ կողմից թույլ տրված որևէ խախտում կամ այլ ոչ պարկեշտ գործողություն:
Բ) Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ – եթե որևէ կերպ որևէ մեկը կկարողանա փաստերով հիմնավորել ինչ որ իրավիճակում, ի վնաս մեր հասարակության իմ կողմից կատարված որևէ բացթողում, պատրաստ եմ հրապարակային ներողություն խնդրել իմ հայրենակիցներից և կրել պատասխանատվություն:
Բ) Բոլոր նրանց համար, ովքեր տեղյակ չեն նշեմ – ես հանդիսացել եմ (ընդ որում ոչ ի պաշտոնե այլ որպես Վարդան Արամյան) ոչ թե Կամուրջ ՈւՎԿ կառավարման խորհրդի, այլ վերջինիս հիմնադիր միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ հիմունքներով, (Համաձայն hիմնադրամների մասին ՀՀ օրենքի հոդված 22-ի պահանջների և պահպանելով հանրային ծառայության մասին օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված հանրային ծառայողի կամ պաշտոնատար անձի նկատմամբ կիրառվող սահմանափակումները), ընդ որում ունենալով որոշումների կայացման 5 ձայնից 1 ձայնի իրավունք:
Հ.Գ. հոդվածի բովանդակությունից ուղղակի ցայտուն երևում է ուղղորդումները, հակառակ պարագայում անտրամաբանական է, որ վարկառուն իր «խախտված» իրավունքներում մեղադրի մի մարդու, որը որևէ տրամաբանական կապով չի կապվում դրա հետ:
Հետևապես՝ սիրելի պատվիրատու խորհուրդ կտամ ավելորդ ջանքեր չգործադրել, նույն տրամաբանությամբ կարող էիք հնչեղության համար ինձ վրա բարդել Քենեդու սպանությունը:
Հ.Գ.2 Ես մեծ հարգանք ունեմ լրատվական դաշտի, այդ թվում նաև Հրապարակի բոլոր գործընկերների նկատմամբ և փորձում եմ ըմբռնումով մոտենալ այս ամենին, սակայն երևի թե ճիշտ կլիներ մինչ նման տեղեկատվության հրապարակում լսել նաև մյուս կողմին, որպեսզի ապահովվի հաշվեկշռվածությունը:
Հ.Գ.3 Ինձ այս պատմությունը հիշեցնում է հայտնի անեկդոտը- մեկը մյուս ընկերոջն ասում է՝
– Լսիր գիտեիր, որ էս Պողոսի կինն անբարոյական մանեկող է
– Բայց Պողոսն ամուսնացած չէ և կին էլ չունի
– Դե ես իմն ասեցի, դու էլ դու գիտես…?
Մնացեք Խաղաղությամբ: