3D պրինտերը, որի օգնությամբ կարելի է տպագրել իսկական հյուսվածքներ ու օրգաններ, բազմաթիվ նոր հնարավորություններ է բացում Հայաստանի գիտնականների առաջ՝ նման պրինտերով տպված հյուսվածքները կարելի է օգտագործել գիտական հետազոտությունների մեջ, իսկ ոչ այնքան հեռավոր ապագայում՝ նաև փոխպատվաստման համար։ Հենց նման պրինտերի մշակումով են զբաղվում Էմանուել Ղանդիլյանը, Համլետ Խաչատրյանը ու նրանց ընկերները։ Այդ մշակումը նրանք անվանել են FoldInk։
Սովորական 3D պրինտերը, ինչպես տղաները պատմեցին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում, թանաքի փոխարեն օգտագործում է հատուկ պլաստիկ։ Տղաները մոդիֆիկացնում են նման պրինտերներից մեկը, որպեսզի այն կարողանա տպել հիդրոգելով՝ նյութ, որը շատ նման է նրան, ինչով լցված է կենդանի օրգանիզմի միջբջջային տարածքը։ Հիդրոգելի մեջ հավելելով իսկական բջիջներ՝ տեսականորեն կարելի է տպել «կենդանի» հյուսվածքներ։
«Տեսականորեն նման ձևով կարելի է տպել ցանկացած հյուսվածք։ Առայժմ մենք փորձում ենք տպել այնպիսի հյուսվածքներ, որոնք վասկուլյարիզացման (անոթավորման) հետ կապված խնդիրներ չունեն, օրինակ աճառային կամ էպիթելային հյուսվածքները»,- նշեց Էմանուել Ղանդիլյանը։
Տղաների խոսքով, աշխարհում դեռ ոչ ոքի չի հաջողվել տպել լիարժեք վասկուլյարիզացված, այսինքն՝ գործող արյունատար անոթներ ունեցող հյուսվածքներ։ Այդ իսկ պատճառով աշխարհում դեռ չկան 3D պրինտերով տպված լիարժեք օրգաններ։ Թիմը, որը կկարողանա ստեղծել նման օրգան, կարող է պատկառելի դրամաշնորհներ ակնկալել մի շարք միջազգային կազմակերպություններից։ Տղաները հույս ունեն, որ մի օր իրենց պրինտերի օգնությամբ նման հյուսվածքներ հնարավոր կլինի տպել Հայաստանում։
«Սա շատ բարդ խնդիր է, քանի որ օրգաններում կան բազմաթիվ մանր, միկրոսկոպիկ անոթներ, որոնք ապահովում են արյան շրջանառությունը։ 3D պրինտերով դրանք տպագրել դեռ ոչ ոքի չի հաջողվել։ Չեմ ուզում ասել, որ դա անհնար է, բայց նման բան դեռ չի արվել»,- ասում են տղաները։
Արդեն այսօր բազմաթիվ դեղագործական ընկերություններ օգտագործում են 3D պրինտերով տպված հյուսվածքներ՝ դեղորայքը փորձարկելու համար։ Ապագայում նման հյուսվածքների ու օրգանների վրա «կմարզվեն» վիրաբույժները վիրահատություններից առաջ (հիմա այդ նպատակի համար պլաստիկ անալոգներն են գործածվում)։ Տղաները վստահ են, որ արդեն 2-3 տարի հետո 3D պրինտերով տպագրված մաշկը կօգտագործվի այրվածքների բուժման համար, իսկ մինչև 2024 թվականը, որոշ մասնագետների խոսքով, աշխարհում կսկսեն փոխպատվաստել տպագրված օրգաններ։
«Նման օրգանները մեծ առավելություններ կունենան՝ դոնորականների համեմատ,- ասում են տղաները: – Դրանք տպագրված են լինելու հենց հիվանդի բջիջներից, հետևաբար հիվանդի օրգանիզմը չի վանի պատվաստված օրգանները։ Եվ հետո՝ կանհետանա համապատասխան դոնորների որոնման անհրաժեշտությունը»։
3D բիոտպագրությունը, տղաների խոսքով, բազմաթիվ նոր հնարավորություններ է բացում գիտության ու բժշկության համար, այդ ոլորտում հետազոտությունները շատ պահանջված են։ Հայաստանը, տղաների խոսքով, նույնպես պետք է ժամանակի հետ համընթաց քայլի։ Այստեղ արդեն կան լաբորատորիաներ, որոնք զբաղվում են բջիջներ աճեցնելով, ու եթե լինի աշխատող 3D պրինտեր՝ հնարավոր կլինի արդեն անցնել հյուսվածքների տպագրմանը։
Նախատիպի օգնությամբ, որի վրա աշխատում են տղաները, նրանց հաջողվել է տպել հյուսվածքի փոքր կտոր։ Եթե տղաներն ունենան ֆինանսավորում, կկարողանան ավելի կատարյալ մոդել ստեղծել։ Տղաները հույս ունեն ֆինանսավորում գտնել Sevan Startuo Summit 2018-ի շրջանակում, որին երեքն էլ մասնակցելու են։
Պրինտերի արժեքը, տղաների գնահատականով, արտասահմանյան անալոգներից շատ ավելի ցածր է լինելու, ու զարգացող երկրներում այն մեծ պահանջարկ է ունենալու, վստահ են տղաները։