«Խնդիրը լուծվում է ամենօրյա ռեժիմով, ծառայությունները բարելավվում են ամեն օր»,- այսօր տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Սանիտեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները բողոքի ակցիա էին իրականացնում«Սանիտեք» ընկերության շենքի առջև: Նրանք հայտարարում էին, որ ամբողջ Երևանն աղբի և գարշահոտության մեջ է, ու պահանջում էին, որ ընկերությունը խնդրին շուտափույթ լուծում տա: Նրանք նամակ հանձնեցին ընկերության տնօրենին՝ խնդիրները լուծելու համար տալով 7 օր ժամանակ, այլապես նրանք պատրաստվում են դիմել քաղաքապետարան՝ ընկերության հետ պայմանագիրը խզելու համար։ Ընկերության տնօրեն Ն. Էլ Թավիլն խոստացավ, որ անպայման կարձագանքի նամակին։
Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ դեռ նամակը չի ընթերցել, պետք է կարդա ու պատասխանի։ Հարցին՝ ե՞րբ ընկերությունը կարող է ապահովել ծառայության այն մակարդակը, ինչը գոնե եղել է մինչ այս իրավիճակը, Ն. Էլ Թավիլը պատասխանեց, որ ծառայության ոլորտում ոչինչ չի կարող կատարյալ լինել.
«Մինչև վերջերս այս խնդիրների ի հայտ գալը՝ «Սանիտեքը» շատ լավ ծառայություն է մատուցել։ Ամեն օր մենք բարելավում ենք ծառայությունը, մեր թիմը չի հանգստանում։ Շուտով մենք կմոռանանք աղբակույտերի խնդրի մասին»,- ասաց նա։
Հարցին՝ արդյոք դուք մինչ այս չէի՞ք կանխատեսում, որ նման խնդիր կարող է առաջանալ ամռան այս շոգ եղանակին, ընկերության տնօրենն այսպես պատասխանեց.
«Մենք խնդիր ունեինք՝ ավտոմեքենաների պահեստամասերի հետ կապված, մենք դրանք պատվիրել էինք, բայց այստեղ հասնելու հետ կապված խնդիր առաջացավ, դրա համար էլ նման խնդիր առաջացավ»։
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ Ձեզ չի՞ անհանգստացնում, որ հնարավոր է՝ քաղաքապետարանը խզի պայմանագիրը ձեզ հետ։
Ի պատասխան՝ Ն. Էլ Թավիլն ասաց.
«30 միլիոն դոլարի ներդրում, հազար աշխատող ընտանիք, 219 մատակարար… ի՞նչ եք կարծում՝ դա ինձ չի՞ անհանգստացնի։ Կարծում եք՝ ինձ չի՞ անհանգստացնում այն, որ մարդիկ կարող են վատ խոսել իմ մասին։ Կարծում եք՝ հե՞շտ է ընկերության համար։ Իհարկե ո՛չ։ Ո՛չ ինձ համար է հեշտ, ո՛չ իմ աշխատողների, ո՛չ էլ քաղաքացիների։ Մենք չենք փախչում մեր խնդիրներից, մենք առերեսվում ենք դրանց հետ։ Ես կկարդամ նամակը շատ ուշադիր, ես կանեմ ամեն հնարավոր բան խնդիրները լուծելու համար։ Սա կատակ չէ, խաղ չէ։ Սա նաև իմ քաղաքն է, ես նաև հայ եմ, իմ մայրը հայ է, ես այստեղ եմ ապրում, իմ ընտանիքն է այստեղ ապրում»։
168.am-ի դիտարկմանը, թե «Ելքի» անդամները նշում են, որ խոսքը միայն այս տարվա մասին չէ, նախորդ տարի էլ նման խնդիր կար, ու ամեն տարվա համար դուք կարող եք նոր պատճառաբանություն բերել, Ն. Էլ Թավիլն այսպես արձագանքեց.
«Ես համաձայն չեմ, մենք մեր գործունեությունը սկսել ենք 2014 թվականից։ Այսինքն՝ 3.5 տարի աշխատել ենք ու այս ընթացքում ընդամենը 2 անգամ ենք խնդիր ունեցել»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։
ԱՆԻ ՔԵՇԻՇՅԱՆ