«Մեր մեղադրանքի որոշումը այնքան հստակ է և այնքան հիմնավորված, որ ինձ համար անհասկանալի ու ծիծաղելի է այն մանիպուլյացիաները, որոնք արվում են պաշտպանական կողմից ներկայացուցիչների կողմից»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հնարավորությունը` ՀՔԾ պետը նշեց, որ դա կարող է վտանգի ենթարկել գործի քննության ընթացքը:
«Այս պահին Քոչարյանին կալանքի տակ պահելը, գտնում եմ անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք ամբողջ ծավալով նախաքննություն իրականացնել և բացառել նրա ապօրինի ազդեցությունը վարույթ իրականացնող մարմնի, վարույթի այլ մասնակիցների վրա»,- ասաց նա:
Իսկ քրեական գործը քաղաքական շահարկումների ենթարկողների համար Սասուն Խաչատրյանը հայտարարեց, որ գործը բացառապես իրավական շեշտադրություն ունի և խորհուրդ տվեց ձեռնպահ մնալ նման հայտարարություններից:
«Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Սահմանադրական կարգի բռնի տապալման մեջ: Նման մեղադրանքի համար հիմք է հանդիսացել բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներում, որն արգելված է Սահմանադրության, ինչպես նախկին, այնպես էլ ներկա խմբագրությամբ»,- ասաց Խաչատրյանը` մեկնաբանելով մեղադրանքի շինծու լինելու վերաբերյալ քննչական մարմնի նկատմամբ հնչող մտքերը:
Բանակի ներգրավումը, Խաչատրյանի խոսքով, կարող էր տեղի ունենալ միայն ռազմական դրություն հայտարարելու պարագայում, ինչը տեղի չի ունեցել: