Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների գործունեության ընթացքում տեղ գտած չարաշահումների կանխարգելման, արդար և բարեխիղճ մրցակցության ապահովմանն ուղղված հարցեր: Սակայն սպառողները պարենային շուկայում, գնային առումով դեռևս զգում են միայն բարձրացում։ Էժանացել է միայն շաքարավազը և բանանը, որոնց ներկրումը Հայաստանում մենաշնորհային էր։
Ներկա դրությամբ շաքարավազի մեկ կիլոգրամն արժե 285 դրամ՝ տարեսկզբի 390 դրամի համեմատ, այսինքն՝ գինը նվազել է 26 տոկոսով: Քաղաքացիները պնդում են՝ միայն շաքարավազով և բանանով հարց չի լուծվում, իրենք ցանկանում են գնի նվազեցում տեսնել բոլոր ապրանքների շուկաներում, հակառակ դեպքում հարցադրում են անում՝ ինչի՞ համար ենք պայքարել։
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ Հայաստանում գրեթե բոլոր ոլորտները մենաշնորհային են, այս պահին միայն բանանի և շաքարավազի շուկայում է, որ մենաշնորհը, կարելի է ասել, վերացել է, բայց դա քիչ է։ Նրա խոսքերով՝ աշխատավարձերը, թոշակները չեն բարձրանում, փոխարենը բարձրանում է սպառման շուկայում ապրանքների գինը։
Չիլինգարյանը հույս հայտնեց, որ կառավարությունը քայլեր կձեռնարկի մնացած բոլոր ոլորտներում մենաշնորհը վերացնելու, արդար մրցակցություն ապահովելու և գնաճը զսպելու ուղղությամբ։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: