Այսօր՝ օգոստոսի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 06:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխավան ավտոճանապարհի «VARDA» գիշերային ակումբի հարևանությամբ՝ դիմացի մայթում, տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սամվել Ասատրյանի և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը 28-ամյա Արթուր Սահակյանն էր, ով մահացել է սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածից: Պարզվել է նաև, որ Աստղիկ բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 34-ամյա Խաչատուր Արոյանը՝ դանակահարված վիճակում: Ոստիկաններն ու քնիչները նշված ճանապարհին գործող «VARDA» գիշերային ակումբի մոտ հայտնաբերել են Toyota Camry մակնիշի 01 MM 055 համարանիշի ավտոմեքենա, որի վարորդի նստատեղին և ուղևորի նստատեղին կան արնանման հետքեր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է Խ. Արոյանին, ով նշված գիշերային ակումբն աշխատացնողն է, սակայն հարևանությամբ բնակվողներն էլ ասում էին, որ նա տերն է: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև արյունոտված մայկա: Տեղում աշխատում են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության փորձաքրեագետները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, հանցագործության գործիք դանակն հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը նախկինում եղել է դատապարտված:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: