Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Զարմանում եմ ՀՀ երկրորդ նախագահի թիմի վրա՝ 10 տարուց ավել մեծ հաշվով ոչ մի ծպտուն չի հանվել, նրա անունից գեթ մեկ ծառ չի տնկվել, ոչ մի սոցիալական ծրագիր, նույնիսկ ապրիլյանի ժամանակ ոչ մի կոպեկ փող (հրապարակային աղբյուրներում նման բան չկա), ոչինչ չի արվել, որը կհիշեցներ նրա մասին, ինչը մեծ ջանասիրությամբ ասում են հիմա (Քոչարյանի տարիների տնտեսական աճ և այլն)։
Իսկ ի՞նչ էիք սպասում, սպասո՞ւմ էիք, որ 10 տարի մեծացած հասարակությունը կարո՞ղ է հիշել դրական բան, առավել ևս, որ առկա է «Մարտի 1» ի հարցը։ Այդքան մասնավոր ընկերություններ կան, որ կապվում են Քոչարյանի ընտանիքի անդամների հետ, գոնե մեկ անգամ կարելի էր չէ՞ օրինակ Գյումրիում տուն գնել ու նվիրել անօթևան ընտանիքի, ինչպես անում են մի խումբ երիտասարդներ, կարելի էր չէ, միլիարդների մեջ մի չնչին գումար հատկացնել սահմանամերծ համայնքներից մեկի դպրոցի կամ մանկապարտեզի համար։
Թող դա արվեր այդ բիզնեսներից մեկի՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում։ Թող դա արվեր գոնե ժամանակակից կրթություն ստացած որդիների կողմից, ովքեր պետք է, որ իմանային ներկա իրողություններն ու երիտասարդության մտածողությունը։ Սա ոչ թե քննադատություն է, կամ հեգնանք, սա ուղղակի փաստումն է այն բանի, որ առավել ևս 21-րդ դարում կարևոր է ունեցածից մի քիչ ուրիշի համար փայ հանելը և հանրության հետ կապերը»։