Երեկ՝ օգոստոսի 10-ին, ուժեղ կարկուտն ու փոթորիկն իր սև գործն են արել Արմավիրի մարզում: Ինչպես Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փոթորիկն ու կարկուտը մոտ 15-20 րոպեների ընթացքում ավերածությունների են ենթարկել գյուղի մոտ 90 տոկոս բնակիչների հողատարածքները: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Բամբակաշատ համայնքի ղեկավար Արբակ Եղիազարյանն ասում էր. «Մոտ 15 րոպե կարկուտ տեղաց փոթորիկի հետ միասին, ինչը Բամբակաշատ համայնքի 90 տոկոս հողատարածքները ավերածության ենթարկեց, որը բառերով հնարավոր չէ ներկայացնել: Նաև դրա հետ մեկտեղ տների տանիքները ամբողջությամբ քանդվել են: Մի խոսքով՝ Բամբակաշատ համայնքում կատաստրոֆիկ վիճակ է»: Գյուղացիներն էլ իրենց հերթին դիմում էին կառավարությանը, գյուղատնտեսության նախարարությանն ու մարզպետարանին, որպեսզի իրենք թիկունք կանգնեն իրենց, իսկ իրենց խնդրանքը շատ մեծ չէ. Կառավարությունը կարող է վնասի փոխհատուցումը կատարի, ինչը հնարավորություն կտա գյուղացուն նորից քրտինք թափելով, վնասված դաշտերը, այգիներն ու տանիքները վերականգնի:
«Գյուղում կարկուտ շատ է եղել, բայց էս ձևի… Ցունամի ասենք, Արմագեդոն ասենք, թե ինչ, դրա անունը չենք կարող ասել: Ճիշտը՝ պատկան մարմինները գան ու սեփական աչքով տեսնեն գյուղում վնասները: Մեր հույսը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն է, ու վստահ ենք, որ մեզ սատար կկանգնեն: Գյուղի բնակչության մեծ մասը վարկերով ենք հողագործութամբ զբաղվում ու կարկուտն ու փոթորիկը րոպեների ընթացքում իր սև գործն արեցին: Հազար դրամ չի, 10 հազար չի, որ ասենք դրա համար չդիմենք, միլիոնների ծախսա, իսկ գյուղացին չունի էդ հնարավոությունը, որ էդ վնասի տակից դուրս գա»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ողջ գիշեր գյուղացու հետ գրեթե բոլոր տուժած քաղաքացիների ցանկատարածքներ է այցելել գյուղապետը և Արմավիրի մարզպետ Գ. Միրիջանյանի հանձնարարականով գյուղ են այցելել մարզպետարանի համապատասխան կառույցների ներկայացուցիչներ: Այս պահին գյուղի դպրոցի մոտ գյուղացիները սպասում են մարզպետ Գ. Միրիջանյանին, ով տեղում ծանոթանալու է խնդրին և կատարվածի մասին տեղեկացնելու է Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանին և վարչապետ Ն. Փաշինյանին: ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Բամբակաշատ գյուղը հայտնի է բարձր որակի խաղող աճեցնելով ու հիմա նույնիսկ 100 կգ խաղող չես կարող հավաքել, կարկուտը խաղողը սարքել է «լանգետ»: Վնասված խաղողից անգամ չեն կարող մարդիկ օղի թորել: Մի խոսքով, ճիշտ է ասված՝ «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում», սակայն գյուղացիները հույս ունեն, որ այս դեպքում կառավարությունն ու Արմավիրի մարզպետարանը իրենց անօգնական չեն թողնի, իրենց վերքին դարման կլինեն: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեկ կարկուտի ու փոթորկի հետևանքով գյուղը հոսանքազրկվել է ու մինչև հիմա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պատասխանատուները ոչ մի միջոց չեն ձեռնարկել, որպեսզի գյուղում վերականգնվի էլեկտրամատակարարումը, իսկ դրա արդյունքում էլ շատ գյուղացիներ նույնպես վնասներ են կրել, քանի որ գնված մսեղենը, կաթնամթերքը սառնարանում էին պահվում, իսկ քանի որ հոսանք չկա, եղածը դառել է թափելու: