«Գրողը, գրողը ինձ տանի». Սյունե Սևադա
Advertisement 1000 x 90

«Գրողը, գրողը ինձ տանի». Սյունե Սևադա

«Որ իմ պատմվածքները, անգամ էս խեղճ-անտեր սովորական ստատուսները ես չեմ գրում, այլ անհայտ տարիքով ծյոծ՝ լսել եմ։ Որ ես իրականում գոյություն չունեմ, ու ֆոտոշոփով հավաքել են ինձ, և ես խմբային պրոյեկտ եմ, ոչ թե՝ մարդ՝ լսել եմ։ Որ գրածներս թռցնում են ու իրենց աուդիտորիաներին պատմում են, թե ինչ հոգեպարար զգացմունքներ են ապրել այդ տողերը երկնելուց (վայ, մեղա-մեղա)՝ տեսել եմ։ Մի անգամ նույնիսկ մի աղջնակ մուննաթ ա եկել վրաս, որ ոնց եմ համարձակվում լկտիաբար կարծել, թե էդ պատմվածքը ես եմ գրել, այլ ոչ թե՝ ինքը, ու էնքան էր ոգևորվել էրեխեն, որ սպառնում էր, որ ինձ դատի կտա։

Էլ որն ասեմ, էլ որը։ Հասկանում եք, Գոգի ասած՝ ես 23-ամյա ծեր կին եմ՝ չալիկով-բանով, իմ՝ հավերժություն թվացող այս կյանքի ութ տարին ես զբաղվում եմ գրական տեքստերով, գրում եմ հոդվածներ, պարապ ժամանակ էլ ստատուսներով բզբզում եմ, իմ գլխով ինչ ասես չի եկել- անցել։ Ես նույնիսկ դիմացել եմ մեր բարեկամների Խաչասերաց արշավանքին՝ ըստ որի համոզում էին, որ Սյունե Սևադան «Գառնիկ-Նարգիզ» ֆորմատի երկտեղանոց էջ է, ու մինչ օրս պահանջում են աշխարհին ցույց տալ էդ չեղած հարիֆին։

Այո, այս կարճատես աչքերը շատ հեռատես են փաստորեն, ու տեսել են ինչ ասես *դրամատիկաբար ծնկներն ա ծեծում ու ատամների պրոթեզն ա ուղղում*, բայց ես պատրաստ չէի, որ մի օր անունս գրելու են «Սյունե Սևադյան»։

Գրողը, գրողը ինձ տանի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սյունե Սևադան։