Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. 29-ամյա վարորդը Իսակովի պողոտայում BMW-ով բախվել է էլեկտրասյանը. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. 29-ամյա վարորդը Իսակովի պողոտայում BMW-ով բախվել է էլեկտրասյանը. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Սերոբ Բոյմշակյանը իր վարած BMW մակնիշի 35 TN 552 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայի թիվ 27/3 հասցեի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, և առաջ ընթանալով մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, 23-ամյա Նաիրա Զորոյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս է շպրտվել: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը, վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով:

Փրկարարաները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը, որից հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: Վարորդը դեպքի վայրում հայտնում էր, որ վթարի պատճառը եղել է այն, որ մեկ այլ Mersedes վթարային իրավիճակ է ստեղծել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդ Ս. Բոյմշակյանը աշխատում է <Ապարան> ՍՊԸ-ում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ամբողջական տվյալները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2018/08/14/1103029/

shamshyan.com