Սա, թերևս, լավ նորություն կարելի է համարել սարսափ-ֆիլմերի երկրպագուների համար: Նման ֆիլմերի դիտումը կարող է առողջության համար օգտակար լինել, քանի որ վախն ամրացնում է իմունային համակարգը և նպաստում է նիհարելուն: Այս մասին հայտնել են Nottingham Trent University-ի (Մեծ Բրիտանիա) գիտնականները:
Գիտնականների խոսքով՝ սարսափ-ֆիլմեր դիտելիս մարդը ձերբազատվում է բացասական զգացումներից, որոնց կուտակումը կարող է ագրեսիա, վատ տրամադրություն և տագնապ առաջացնել: Ավելին՝ ապացուցվել է, որ սարսափ-ֆիլմերի դիտումն ամրացնում է իմունային համակարգը, համենայն դեպս՝ ինչ-որ ժամանակով:
Այսպիսի եզրահանգման գալուց առաջ Coventry University-ի գիտնականները կամավորների արյան անալիզ են վերցրել սարսափ-ֆիլմեր դիտելուց առաջ, դիտելու ընթացքում և դիտելուց հետո: Պարզվել է, որ արյան սպիտակ բջիջների մակարդակը, որոնք սովորաբար արտադրվում են ի պատասխան ինֆեկցիաների, դիտելիս բարձրացել է:
Դեռևս 2012 թվականին Վեսթմինիսթերյան համալսարանի գիտնականները չափել են սարսափ-ֆիլմեր դիտած կամավորների այրվող կալորիաների քանակը: Մեկ ֆիլմի ընթացքում մարդիկ այրել են 113 կալորիա, որը համարժեք է քայլելով 30 րոպե տևողությամբ զբոսանքին: