Սյունիքի աղմկահարույց մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նախկին խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանի կառավարության հարյուր օրվան բացասական գնահատական է տալիս: «Նա ոչնչացրեց երկրապահը, եկեղեցին»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց նա:
Բանախոսն արձանագրում է, որ թավշյա հեղափոխությունը ազգը բաժանեց երկու մասի. «Նրանք, ովքեր չեն մտածում նիկոլյան սկզբունքներով՝ հակահեղափոխականներ են դիտարկվում»:
Օրինակ բերելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալումը, Վոլոդյա Հովհաննիսյանն ահազանգում է Հայաստանում խոսքի ազատությանը սպառնացող վտանգների մասին: Նա վստահ է, որ Ռոբերտ Քոչարյանին զրկում են խոսքի ազատությունից. «Ես չեմ գտնում, որ հիսուն մարդ, որոնք պայքարում են ինչ- որ բաների համար իրավունք ունեին ոտնահարելու սահմանադրությունը»:
Վոլոդյա Հովհաննիսյանը դեմ չէ որ 2008-ի մարտի 1-ի իրադարձությունները բացահայտվեն, բայց, ասում է, ինքն ամբողջական արդարության բացահայտման կողմնակից է: Իսկ դրա համար պիտի մեղադրվեն նաև Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը, իբրև այդ ժամանակ ընդդիմադիր առաջնորդներ: Նա կարծում է, որ ընդդիմության առաջնորդներն էլ մեղավորություն են ունեցել կատարվածի համար, քանի որ անհանդուրժողականության կոչեր են արել, փորձել են երկրապահին ներգրավել քաղաքական գործընթացների մեջ:
Խոսելով օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի մասին էլ, Վոլոդյա Հովհաննիսյանն ասում է, որ վարչապետը պետք է նախ հաշվետու լինի Ազգային ժողովին, հետո «հրապարակ հավաքի»: Նրա կարծիքով, Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում է պետական ռեսուրսները: Ասում է, որ արդեն իսկ կան մարդիկ, որոնք պատրաստ են կտրուկ քայլերի, բայց իրենք երդվել են` «զենք չենք բարձրացնի»:
Ամբողջական հոդվածը. aravot.am