Ադրբեջանում գերի ընկած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին վերադարձնելու համար, ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արտգործփոխնախարար Շավարշ Քոչարյանը, բոլոր ուղղություններով ու մակարդակներով աշխատանքներ են տանում և ակնկալում են զինծառայողի շուտափույթ վերադարձը: Իսկ թե ինչպես կվերադարձվի հայ գերին. փոխանակմա՞ն միջոցով, թե՞ այլ միջոցներով, փոխնախարարն ասաց, կարևորը դա չէ. «Մնացածը դետալներ են, մեզ համար էական է, որ ինքը վերադառնա»:
Պարոն Քոչարյանը վստահեցրեց, որ և զանգեր են արվում, և հանդիպումներ, և ոչ միայն արտգործնախարարությունն է զբաղվում, այլ բոլոր այն կառույցները, որոնք որևէ կերպ կարող են գործին աջակցել:
Այսօր կառավարության նիստից հետո աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք սեպտեմբերին էլ կենսաթոշակների վճարումները չե՞ն ուշացվի: Իսկ նախարարը նույնիսկ զարմացավ` «Իսկ թոշակները ե՞րբ են ուշացրել»: Լրագրողները նախարարին հիշեցրին օգոստոսի սկզբի ուշացումները, երբ հազարից ավելի կենսաթոշակառուներ խնդիրների էին ունեցել, որին ի պատասխան՝ պարոն Ասատրյանն ասաց, որ այդ ամսվա առաջին աշխատանքային օրը օգոստոսի 5-ն էր, ֆինանսավորումը կատարվել է հենց այդ օրը, իսկ վճարումները ամսի 5-6-ին:
Լրագրողներից մեկի հարցին, թե` վարչապետը նախորդ նիստերից մեկում նշել էր, որ կենսաթոշակների վճարման նոր համակարգում ներքին դիմադրություն կար, ովքե՞ր են այդ դիմադրողները, նախարարն ասաց` «Ովքեր, որ իրականացրել են որևէ խնդիր, նրանք բոլորը ստացել են համապատասխան կարգապահական պատիժներ: Տվյալ գործընթացը շարունակվում է: Խնդիրը շատ պարզ է, նոր համակարգը, ես հնարավորություն ունեցել եմ բազմիցս նշելու, ստեղծել է նաև նոր պահանջներ: Պետք է աշխատանքները կատարվեն բացառապես տեղեկատվական համակարգի շրջանակներում, և սուբյեկտիվ որոշումները նվազագույնի են հասցված: Բնական է, որ սա ոչ բոլորին է դուր գալիս, բայց դրանք կառավարելի խնդիրներ են և լուծումներ են ստանում»: