Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին շրջանում մամուլում տարածում են գտել տարբեր տեսակի ասեկոսեներ, կապված ՀՀ ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից առանձնատուն ձեռքբերելու հետ:
Սույնով Վ.Գասպարյանի լիազորությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ առանձնատունը ձեռք է բերվել 2011-12 թվականներին Վ.Գասպարյանի մտերիմ ընկերոջ, ռուսաստանաբնակ խոշոր ձեռնարկատեր Ռուբեն Սինանյանի կողմից՝ իր անձնական միջոցներով: Առանձնատան արժեքը ամբողջությամբ վճարվել է, իսկ վաճառողների կողմից այն ուղղվել է իրենց ունեցած բանկային վարկային պարտավորությունների մարմանը, որի մասին առկա են բոլոր անհրաժեշտ վճարային փաստաթղթերը: Վարկային պարտավորությունների առկայության, ինչպես նաև առանձնատան գրավադրված լինելու պատճառով գնորդի սեփականության իրավունքի գրանցումը ձգձգվել է, այնուհետև 2014 թվականին առուվաճառքի պայմանագրի հիման վրա, բանկի գրավոր համաձայնությամբ, գրանցվել է Վ.Գասպարյանի հարազատներից մեկի անվամբ՝ Ռ.Սինանյանի խնդրանքով և զուտ այն պատճառով, որ նա մշտապես բնակվել է Ռուսաստանում:
Այդուհանդերձ, վաճառողների կողմից իրենց վարկային պարտավորությունները ամբողջությամբ չկատարելու պատճառով, առանձնատունը վաճառվել է բանկի կողմից աճուրդի միջոցով և Ռ.Սինանյանը ստիպված է եղել դրա դիմաց վճարել լրացուցիչ գումար՝ ավելին, քան եղել է սկզբնական պայմանավորվածությունը: 2015 թվականին Ռ.Սինանյանի մահից հետո, նրա որդիները, հաշվի առնելով իրենց հանգուցյալ հոր և Վ.Գասպարյանի տասնամյակների մտերիմ ընկերությունը, առանձնատունը նվիրաբերել են Վ.Գասպարյանի որդուն, ում համարում են իրենց կրտսեր եղբայրը:
Հարկ են համարում ընդգծել, որ Ռ.Սինանյանի կողմից ամբողջությամբ վճարվել է տան արժեքը, ինչպես նաև վաճառողների գործողությունների հետևանքով՝ լրացուցիչ գումար՝ առանձնատունը աճուրդից գնելու համար: Վաճառողների միջև առկա են չլուծված ֆինանսական խնդիրներ, որոնց հետ Վ.Գասպարյանը որևէ առնչություն չունի, չի ունեցել և չի կարող ունենալ: Ներկայումս Վ.Գասպարյանի անվան շահարկումը ունի միայն մեկ նպատակ՝ անձնական խնդիրների լուծում այլ անձանց միջև, ինչը համարում ենք անթույլատրելի և անիմաստ»: