Ի՞նչ է իրականում կատարվել «Հասմիկ» ճամբարում. aravot.am
Advertisement 1000 x 90

Ի՞նչ է իրականում կատարվել «Հասմիկ» ճամբարում. aravot.am

«Մեր ծնողներից ոչ մեկ ինձ չի բողոքել, որ մեր դեմ դատական գործ են ուզում բացել, քանի որ ամբողջ ճամբարի առօրյան, միջոցառումները թե՛ ուղիղ եթերում, թե՛ լուսանկարներով ներկայացվել է մեր փակ խմբում, դա ծնողների կամքն է եղել»,- Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց Հանքավանի «Հասմիկ» մանկական ճամբարի ավագ ջոկատավար Մայա Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ երեկ համացանցում լուսանկարներ տարածվեցին, որտեղ ներկայացված էին ճամբարի մանկահասակ տղա երեխաները՝ կանացի հագուստով և պճնանքով: Սա տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց՝ մինչև անգամ նույնասեռականության քարոզ:

Մայա Սիմոնյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց՝ այն անձինք, որոնք տեղյակ չեն ճամբարի առօրյայից, տեսնելով այդ նկարները և թե ինչպես են դրանք վերնագրված՝ առաջին տպավորությունը դա կլինի: Նա վստահեցրեց՝ իրականում, թե ինչ է կատարվել ճամբարում, գիտեն երեխաների ծնողները:

Նա նշեց, թե շատերը հայտարարություններ են անում, որ հակաքրիստոնեական գաղափարներ ենք տարածում, բայց ՈՒՀԱ-ն ընդամենը նշանակում է ուրախների և հնարամիտների ակումբ:Այնուհետև, անդրադառնալով միջոցառման բովանդակությանը, որի ընթացքում են այդ լուսանկարներն արվել, Մայա Սիմոնյանը պատմեց. «Դա մեր միջոցառման մի հատվածն է, որտեղ տղա երեխաները ծաղրել են աղջիկների հագուկապն ու պահվածքը, երկրորդ մասում եղել է դիմակահանդես, որից էլ նկարներ են վերցրել ու ներկայացրել են որպես հակաքրիտոնեական, բայց տեղյակ չեն, որ փոքրիկ բեմադրություն ենք արել, և դրա մասին կարող են իմանալ միայն տեսանյութը դիտելուց հետո»:

Մեր հստակեցմանը՝ ծնողները նախապես իմացե՞լ են, որ երեխաները զգեստափոխվելու են եւ պճնվելու, ավագ ջոկատավարն այսպես արձագանքեց. «Բոլոր ծնողներն էլ տեսնում, դիտում էին այդ ամենը, և արձագանքները շատ լավն են եղել: Ճամբարի ֆեյսբուքյան խումբը փակ էր՝ միայն ծնողների ու մեզ համար էր հասանելի, քանի որ կարծում ենք, որ ճամբարը մեկ ընտանիք է: Բայց այսօրվա միջադեպից հետո որոշվեց, որ բացենք, ու բոլորը տեսնեն, և թյուր կարծիքը վերանա: Ճամբարի արածը մեկ օրվա աշխատանք չէ, Ժորա Մուրադյանը հիսուն տարի կառավարել է ճամբարը, հենց պարոն Մուրադյանին էլ իմանալով հանդերձ՝ ոչ ոք նման բան ասել չի կարող, մանավանդ նույնասեռականության մասին»:

Հարցին՝ ո՞վ էր նման բեմադրության նախաձեռնողը, Մայա Սիմոնյանը պատասխանեց՝ նախաձեռնությունը երեխաներից եկավ, նրանք ցանկացան իրենց առօրյան լցնել հումորային համարներով: Մեր այն դիտարկմանը՝ դա նուրբ թեմա է, ուստի մինչև այդ գաղափարն իրագործելը ջոկատավարներով չքննարկեցի՞ն` արժի նման բեմադրություն անել, թե ոչ, Մայա Սիմոնյանը պատասխանեց. «Եթե այդպես է, ուրեմն կարող ենք բերել Հայկ Մարությանի օրինակը: Ի՞նչ է «Սուպեր մաման» հեռուստացույցներով պետք է արգելվե՞ր ցուցադրելը: Միակ խնդիրն այն է, որ մեր ծնողները վիրավորված են, որ իրենց երեխաների նկարներն առանց իրենց իրազեկության և նման պիտակով հիմա արդեն սոցցանցերում և  կայքերում տարածվել են»:

Մեր այն հարցին` եթե ֆեյսբուքյան խումբը եղել է փակ, ինչպե՞ս են այդ նկարները տարածվել,  ճամբարի ղեկավարությունը դիմե՞լ է իրավապահներին պարզելու, թե ինչպես են այդ նկարները տարածվել, Մայա Սիմոնյանը պատասխանեց. «Այո, նկարների սկզբնաղբյուրը մեր խումբն է եղել: Ծնողները տեսել են այդ նկարները: Ուրեմն ինչ-որ մեկը տվել է, քանի որ պետք է ներբեռնեին, որ տարածեին այդ նկարները: Ինչ-որ մեկի միջոցով էլ կարելի է տարածել: Իրավապահներն այդ մասին տեղյակ են: Ձեր նշած հարցով ճամբարը դեռ չի դիմել իրավապահներին, դեռ հարցը քննարկման փուլում է»:

aravot.am