Հիվանդանոց տեղափոխված Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է․ պաշտպան. azatutyun.am
Advertisement 1000 x 90

Հիվանդանոց տեղափոխված Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է․ պաշտպան. azatutyun.am

«Արմենիա» բժշկական կենտրոնում, որտեղ այս պահին գտնվում է պատգամավոր Մանվել Գրիգորյանը, այսօր հրաժարվեցին տեղեկատվություն տրամադրել գեներալի առողջական վիճակի ու կատարված հետազոտությունների մասին։

Էնդոկրինոլոգիայի բաժանմունքի վարիչ Լուսինե Մամիկոնյանը փոխացեց՝ քանի որ Գրիգորյանը ստացիոնար բուժման է տեղափոխել դատաբժշկական փորձաքննություններ անելու նպատակով, իրենք ոչինչ ասել չեն կարող։

Երեկ հայտնի դարձավ, որ Մանվել Գրիգորյանը «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Հատուկ քննչական ծառայությունից «Ազատությանը» հայտնեցին, որ իրենց վարույթում գտնվող քրեական գործի շրջանակում նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն՝ նրա առողջական վիճակը պարզելու նպատակով։

Առավոտյան Գրիգորյանի փաստաբաններն արդեն այցելել էին իրենց պաշտպանյալին։ «Ազատության» հարցին՝ ինչպես է կալանավորված պատգամավորի ինքնազգացողությունը, փաստաբան Լևոն Բարսեղյանը հայտնեց՝ գեներալը գրեթե ուժասպառ է եղել, քանի որ հետազոտություններն է՛լ ավելի են վատթարացրել նրա վիճակը։ – «Ես տեսել եմ իմ պաշտպանյալին երեք օր առաջ, և հիմա եմ տեսնում՝ ուղղակի վատթարացում, անգամ ի վիճակի չէ՝ երկու բառ խոսելուց հետո երրորդ բառը արդեն դժվարանում է խոսել, սկսած՝ հևոցը և մնացյալը», – պատմեց փաստաբանը:

Թեև դատաբժշկական համալիր փորձաքննությունը նշանակվել է վարույթն իրականացնող մարմնի կողմից, սակայն քաղաքացիական հիվանդանոց ուղեգրումը իր մեջ չի ներառել բուժման թեկուզև կարճատև կուրս, ասում է փաստաբանն ու հավելում՝ դա կարող էր նպաստել Գրիգորյանի առողջական վիճակի կայունացմանը։

Բաղդասարյանը սա դասական խոշտանգում է որակում ու նշում, որ Հայաստանում շարունակում են ոտնահարել մարդու իրավունքները։

«Բացարձակ բժշկությունը մատը մատին չտվեց, որպեսզի նաև առողջության վատթարացման հետ կապված որոշակի բժշկական գործողություն կատարի», – հայտարարեց Գրիգորյանի պաշտպանը՝ հավելելով․ – «Մեկ անգամ ևս փաստում եմ, որ այսօր իրավունքը, որպես գերակա նորմ, ստորադասված է և զուտ տառակերությամբ զբաղվելով ուղղակի դասական խոշտանգում է տեղի ունենում պաշտպանյալի նկատմամբ»:

azatutyun.am