Լրտեսից չենք վախենում. ինչո՞վ է հետաքրքրում Հայաստանը մրցակիցներին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Լրտեսից չենք վախենում. ինչո՞վ է հետաքրքրում Հայաստանը մրցակիցներին. armeniasputnik.am

«Բանակ 2018» IV միջազգային ռազմատեխնիկական ֆորումում միայն ութ երկիր առանձին տաղավարներ ուներ։

Դրանց շարքում էր նաև Հայաստանը։ «Մենք այստեղ ներկայացնում ենք սպառազինության ու ռազմական տեխնիկայի նորագույն նմուշները, որոնք մշակվում ու արտադրվում են ՀՀ–ում։ Այսօր մենք ցուցադրում ենք անօդաչու թռչող սարքեր, նաև լազերային համակարգեր ու ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր, փոքր լոկատոր, որը գիտության ու տեխնիկայի առաջատար նմուշ է, նաև ինժեներային սարքավորում ենք ներկայացնում», – Sputnik Արմենիայի թղթակցին ասաց ՀՀ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանը։

Հետո նա մանրամասնեց` ինչո՞վ է այս տարի Հայաստանը զարմացնելու ֆորումի մասնակիցներին։

«Այս տարի մենք մետաղի մշակումից շեշտը տեղափոխել ենք գիտության ու տեխնիկայի վրա. հանել ենք հրազենային զենքը, կոպիտ անմշակ արտադրանքը, սպառազինության առաջատար նմուշներ ենք բերել։ Հայաստանի ռազմաարդյունաբերական ոլորտում շեշտադրումները փոխվում են. մենք հետզհետե հեռանում ենք այն գաղափարից, որ պատերազմներում հաղթում են զինվորներն ու ինքնաձիգերը, տանկերն ու զրահամեքենաները։ Այսօր պատերազմը, առաջին հերթին, տեխնոլոգիաների դիմակայություն է», – նշեց Ավետիք Քերոբյանը։

Ըստ նրա՝ այն  կարծիքը, թե որքան ավելի շատ տանկ ունես, այնքան ավելի շատ շանս կա հաղթելու, այսօր արդեն արդիական չէ։  «Այսօր տանկը մարտի դաշտում իրենից թանկարժեք թիրախ է ներկայացնում, որը հեշտորեն կարելի է կործանել համեմատաբար էժան զենքով»։

«Անօդաչու սարքերը մարդկային զոհերը կրճատելու, նաև հրետանու հարվածների ճշգրտությունը բարձրացնելու միջոց են։ Մեր տաղավարում ներկայացված են նաև անօդաչու հետախույզներ, որոնք թույլ են տալիս երեք կիլոմետր բարձրությունից ճշտել հրետանու կրակը։ Կան նմուշներ, որոնց օգնությամբ կարելի է 50 կիլոմետր բարձրությունից օդային հետախուզություն վարել։ Հաշվի առնելով իրավիճակը մեր շփման գծում, դա մեզ շատ է  օգնում», – ասաց Ավետիք Քերոբյանը։

Քերոբյանը համոզված է, որ շատ դժվար է մրցել ռազմարդյունաբերական ոլորտում, իսկ Ռուսաստանի ու ԱՄՆ–ի պես երկրների հետ ընդհանրապես անհնար է, սակայն կան ուղղություններ, որտեղ կարելի է մրցունակ լինել։ Ու Հայաստանը, նրա կարծիքով, գտել է դրանք։

«Այստեղ ներկայացրել ենք լազերային համակարգեր, որոնք, թեև ունեն անալոգներ, այդ թվում` ռուսական, բայց քրտնաջան գիտահետազոտական աշխատանքի շնորհիվ մենք օրինակելի ենք դարձրել», – ասում է Ավետիք Քերոբյանը։

«Իսկ ոչ բարեկամական երկրների լրտեսներից չե՞ք վախենում», – հարց եմ տալիս։ Մինչ այդ ինձ ասում էին, որ նախորդ տարի Հայաստանի տաղավարին մոտենում էին ֆորումի որոշ մասնակիցներ, որոնք ներկայացված զենքի վերաբերյալ կասկածելի հարցեր էին տալիս ու փորձում էին ամեն ինչ մանրացման իմանալ։

«Այստեղ մեզ մոտ չգործող նմուշներ են, – ծիծաղում է Քերոբյանը,–Իհարկե, կա մեծ անօդաչու–հետախույզ, որը ոչ միայն իսկական է, այլ նույնիսկ պատրաստ թռիչքի։ Սակայն մեծ մասամբ մենք այստեղ մակետներ ենք ներկայացնում ու տեխնոլոգիաներն անհնար է գողանալ։ Նույնիսկ բոլոր մարտավարական տեխնիկական բնութագրերն իմանալը բավարար չէ այս արտադրանքը վերարտադրելու համար»։

ՀՀ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը վստահեցրեց, որ տեխնոլոգիան չի վախենում լրտեսներից ու առևանգիչներից։ Իսկ ցուցադրությունից ակնկալում է, որ ռուսական կողմի հետ պայմանագրեր կկնքվեն, հայկական արտադրանքի նկատմամբ մեծ հետաքրքրություն կլինի ու այն կկարողանա արտահանման շուկա դուրս գալ։

«Ահռելի հետաքրքրություն կա հայկական ռազմական տեխնիկայի ու սպառազինության նկատմամբ։ Մեր առաջնահերթ խնդիրը հանրապետության բանակը զենքով ապահովելն է ու մենք հենց դրանով ենք զբաղված, սակայն չենք անտեսում նաև արտահանման շուկան։ Ու թեև այսօր մեզ համար դժվար կլիներ ռազմական մշակումներով ապահովել այլ երկրների բանակները,  մենք զարգացնում ենք մեր հնարավորությունները։ Եթե պատվեր լինի, կդիտարկենք այն ու կլուծենք այդ հարցը»,–խոստովանեց կոմիտեի նախագահը։

Ընդհանուր առմամբ «Արմիա 2018» IV միջազգային ռազմատեխնիկական ֆորումին մասնակցում է ավելի քան 80 արտասահմանյան կազմակերպություն 18 երկրներից, ավելի քան 1200 պաշտպանական–արդյունաբերական ձեռնարկություն 26 հազար ցուցանմուշ են ներկայացրել։  Ֆորումի մասնակիցները ներկայացնում են իրենց  արտադրանքն ու դիտարկում են հնարվոր գործընկերների առաջարկությունները։ «Արմիա 2018» IV միջազգային ռազմատեխնիկական ֆորումը կտևի մինչև օգոստոսի 26–ը։

armeniasputnik.am