Պատմություն ֆանտաստիկ մարդկանց մասին. Սյունե Սևադա
Advertisement 1000 x 90

Պատմություն ֆանտաստիկ մարդկանց մասին. Սյունե Սևադա

Սյունե Սևադայի հրապարակումը.

Տիկին Հասմիկը մոտ մեկ տարի առաջ արածս մեկնաբանություններից մեկից հասկացել էր, որ վատառողջ եմ, ներսի մաման խառնվել էր իրար։ Իր տան մեղրը դարակից հանել, փաթաթել էր տոպրակի մեջ, Գորիսից մեքենայով ուղարկել էր ինձ։

Տիկին Վարդուհին հեռակա կարգով թատրոնի տոմսեր էր ինձ համար պատվիրել՝ ուղղակի որ թատրոն գնամ ու լավ օր ունենամ։
Մերին արտասահմանից շոկոլադ էր բերել ինձ, ու մի ամիս պահել սառնարանում, որ հետո ինձ փոխանցի։

Գայանեն իմացել էր, որ քաղցրակեր եմ ու սպիտակ շոկոլադ եմ սիրում, Դուբայից մի մեծ տոպրակ շվեյցարական շոկոլադ ստացա՝ սպիտակ-սպիտակ, ու սիրուն բլոկնոտներ։

Գեղամը վերջերս անակնկալ իմ դիմանկարն էր արել, Արամը համեղ կոնֆետներ էր թողել օֆիսում, Էդգարից էլ սիրուն ծաղիկներ էի ստացել։

Դիանայի սթիքերները բոլոր գրքերիս մեջ են, տերմոսն էլ օգնում է մռայլ եղանակին։
Լուսինեի նվիրած՝ ձեռքով իմ դիմանկարն արած բաժակով սուրճն ամենահամեղն է։

Կարինեի նվիրած բլոկնոտում համ գրում եմ, համ՝ ներկում։

Սրճարաններից մեկից դուրս գալիս աշխատակիցներից մի աղջնակ մոտեցավ վազելով՝ սառը կապուչինոն խցկեց ձեռքերիս մեջ, ասաց՝ գիտեմ, սիրում եք, Ձեզ լավ օր, ու հետ փախավ։

Նարինեի նվերների տուփը բացել չէինք կարողանում, հիմա չգիտեմ՝ գրքերն ուր տեղավորեմ։
Մարին Ամերիկայից ծամոններ ու Զեփփելինով շապիկ ինձ բերեց, ու պաշտոնապես հայտարարեց, որ այսուհետ ինքն իմ Ամերիկայի բարեկամն է։

Անին իմանալով, թե ինչքան եմ սիրում Միքելանջելոյի Դավիթի արձանը, ինձ համար թանգարանից վիդեոներ էր նկարել, ու Դավիթով բացիկ ու մատիտ բերել։ Էդ բացիկն ամեն օր պաչում եմ։ Դավիթն ատում է ինձ։

Մի օր կանգառում մի արիստոկրատ տատիկ արագ-արագ մանդարին մաքրեց, տվեց ինձ։
Նոր էլ Բերդում աշխատող բժշկուհի Սիլվան զանգեց, ասում է՝ մերոնք երեկ թուզ են հավաքել, մի արկղն ուղարկել եմ քեզ, կդիմավորես։
Ու չեք հավատա, էս ամենը անում են լրիվ-լրիվ անծանոթ, բայց արդեն հարազատ մարդիկ։ Եվ սա միայն մի մասն է, էն, ինչ հիմա հիշեցի։
Մենք ֆանտաստիկ մարդկանց մեջ ենք ապրում, բոլորս։ Միայն թե պիտի սովորենք տեսնել էդ ֆանտաստիկ մարդկանց, թույլ տալ, որ մեր կյանք գան։
Հալվում եմ էսքան սիրուց:)))