Նկարիչների միության ցուցասրահների մասնաշենքը՝ սկանդալի, քրեական գործի պատճառ է դարձել. azatutyun.am
Advertisement 1000 x 90

Նկարիչների միության ցուցասրահների մասնաշենքը՝ սկանդալի, քրեական գործի պատճառ է դարձել. azatutyun.am

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը կեղծիք է համարում իր նկատմամբ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու հատկանիշով հարուցված քրեական գործը, որի համար հիմք է հանդիսացել նկարիչ Խաչիկ Հարությունյանի դիմումը:

Խաչիկ Հարությունյանը պնդում է, որ Աղամյանը, առանց համագումարի հաստատման, Միությանը պատկանող Աբովյան 16 հասցեում գտնվող 1165 քմ մակերեսով ցուցասրահների մասնաշենքը նվիրատվության պայմանագրով հանձնել է Էդուարդ Թախունցին։ Մինչդեռ Կարեն Աղամյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ որևէ մեկին չի նվիրել այդ տարածքը, այլ ներդրողներին նվիրատվության կարգով փոխանցվել են Նկարիչների միության ցուցասրահային շենքի այն վերնահարկերը, որոնք ներդրող ընկերությունն է կառուցել, իսկ Էդուարդ Թախունցը եղել է այդ ընկերության ներդրողներից մեկը։

Ներդրող ընկերությունը առաջարկել է քանդել ցուցասրահային շենքը և Միության ցանկությամբ կառուցել նույն մակերեսով նոր շենք՝ երկու ցուցասրահով և վերանորոգել վարչական շենքը։ Նկարիչների միությունն ընկերությանը թույլատրել է ցուցասրահային շենքի վերևի հատվածում հավելյալ 2,5 հարկ կառուցել, իսկ հետագայում այն փոխանցել ընկերությանը։

Սա այն տարածքներն են, որը մենք չենք էլ ունեցել, դա այն տարածքներն են, որը ներդրողը օգտագործել է իր շահի համար։ Մենք թույլատրել ենք վերևի հատվածում, մեր օդը փաստորեն, օգտագործեն այդ ներդրողները, և երբ ամբողջ շինարարությունը ավարտվում է և մեր պահանջները բավարարվում են, այսինքն՝ երբ ունեցանք այն, ինչ ուզում էինք, մի բան էլ ավել, ինչ ունեինք, իրենց բաժինը, որպես ներդրողի, հանձնել ենք իրենց։ Այ էդ պահը, որ մենք հանձնել ենք, մեր հարգարժան օպոնենտը՝ Խաչիկ անունով մեկը, որը, կարծեմ, քաջ տեղյակ է այս ամեն ինչից, բայց վիրավորված է, երևի, ինչ-որ հարցերում, այսպիսի քայլեր է անում»:

20 տարի Նկարիչների միության նախագահի պաշտոնը զբաղեցնող Աղամյանը պնդում է՝ իր ղեկավարության օրոք միության շենքի վիճակը միայն բարելավվել է և ընդարձակվել․- «Այն տարիներին, որ ես նկարիչների միության նախագահ եմ, մեր շենքի մակերեսները ավելացել են, այլ ոչ թե պակասել են։ Եվ դա փաստ է։ Եթե դա կա, ինչպիսի՞ յուրացման մասին է խոսքը»:

Աղամյանը նկատում է՝ նախագահի ընտրությունները մոտենում են, աղմուկ բարձրացնողները ցանկանում են Նկարիչների միության նախագահի պաշտոնում այլ մարդու տեսնել։

Ամբողջությամբ՝ azatutyun.am