Օգոստոսի 28-ին ժամը 19։30-ի սահմաններում, կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի նախկին նախարար, Երևանի ավագանու նախկին անդամ Թամարա Պողոսյանը։ Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց նրա քույրը՝ Քնար Պողոսյանը։
«Թամարա Պողոսյանը մահացել է տևական ծանր հիվանդությունից հետո օգոստոսի 28-ին՝ 19։30-ի սահմաններում։ Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների մասին մանրամասներ հայտնի կլինեն վաղը»,– հայտնեց Քնար Պողոսյանը։
Թամարա Պողոսյանը ծնվել է 1949թ. հուլիսի 17-ին Տավուշ գյուղում: 1967-1973թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում՝ «Կիրառական մաթեմատիկա» մասնագիտությամբ:
Երկար տարիներ վարել է ակտիվ գիտական և քաղաքական գործունեություն։ 2003-04 թվականներին զբաղեցրել է ՀՀ մշակույթի և երիտասարդության նախարարի պաշտոնը։ 2013 թվականի մայիսի 5-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ: