Մկրտումյանը չի հոսպիտալացվել. Վնասվածքի բնույթն ու ծանրությունը պարզելու նպատակով փորձաքննություն է նշանակվել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մկրտումյանը չի հոսպիտալացվել. Վնասվածքի բնույթն ու ծանրությունը պարզելու նպատակով փորձաքննություն է նշանակվել

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանը լուրջ վնասվածք չի ստացել և հոսպիտալացված չէ:

Մեր հարցին ի պատասխան Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց, որ միջադեպի հետևանքով Մկուրտումյանի մարմնի վրա հայտնաբերված վնասվածքի բնույթն ու ծանրությունը պարզելու նպատակով փորձաքննություն է նշանակվել և միայն փորձաքննության ներկայանալուց հետո՝ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

ՔԿ-ից նաև տեղեկացանք, որ վնասազերծված անձը ևս վնասվածք է ստացել, նրան բուժօգնություն է ցուցաբերվել և նշանակվել է փորձաքննություն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, նախօրեին` ժամը 22-ի սահմաններում, դիմակավորված և ինքնաձիգերով զինված 3 անձ մուտք են գործել Ձորաղբյուրում գտնվող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք, որի ժամանակ տանն են եղել Արման Մկրտումյանը և նրա ընտանիքի անդամները։ Անվտանգության տեսախցիկների միջոցով նկատելով նրանց՝ Ա.Մկրտումյանը և նրա որդին դուրս են եկել բակ։

Նախնական տվյալներով՝ զինված անձանց կողմից ինքնաձիգից արձակվել են անկանոն կրակոցներ։

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը վնասազերծվել է և ձերբակալվել։

ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման և զենք, ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու ու պահելու դեպքի առթիվ։

Ոստիկանության պաշտոնական կայքից էլ տեղեկանում ենք, որ Մկրտումյանի որդին՝ Գոռ Մ.-ն, և Մկրտումյանը դիմադրություն են ցույց տվել առանձնատուն խուժած անձանց, որի ընթացքում «Վալտեր» մոդելի գազային ատրճանակով վնասազերծվել է հարձակվողներից մեկը, ում ձեռքին եղել է ինքնաձիգ, մյուս երկուսը դիմել են փախուստի:

Պարզվել է, որ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի տուն ներխուժած անձանցից մեկը Գյումրիի բնակիչ, 1976 թ. ծնված Հ. Ռիժենկոն է, մյուս երկու անձանց ինքնությունը դեռևս չպարզված չէ:

Դեպքի վայրի զննությամբ տան բակից հայտնաբերվել է 16 հատ 7,62 տ/չ պարկուճ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, սպորտային պայուսակ, որի մեջ եղել է կպչուն ժապավեն և լինգ:
Հ.Ռիժենկոն ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Ոստիկանության ներկայացրած կադրերը դեպքի վայրից: