Հրանտ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղվա Հայաստանի իմ տեսլականը (ժամանակակից ուտոպիա)
Վաղը, օգոստոսի 30-ին ՀՀ բոլոր լրատվամիջոցներով արտակարգ թողարկում է․
Իմ աջ ու ձախ կողմերում նստած են Լևոնը, Ռոբերտը, Սերժն ու Նիկոլը։
Ես հայտարարում եմ նրանց միջև ձեռք բերված համաձայնությունների մասին․
1. Նիկոլը հանձնարարականներ է տվել ու երաշխավորել է, որ Հայաստանում առաջիկա երեք օրերին ոչինչ չի փոխվելու,
2. Նրանք երեք օր փակվելու են խորհրդակցական սենյակում առանց հեռախոսների ու աշխարհի հետ որևէ կապի,
3. Երեք օր սնվելու են միայն ցամաք հացով ու ջրով,
4. Աշխատելու են ազգային համաձայնության ծրագրի վրա,
5. Երրորդ օրը երեկոյան հայտարարվում է համազգային վերջին հանրահավաքը։
Չորսով գլխի շարժումներով հաստատում են իմ հայտարարությունը։
Երրորդ օրը տեսախցիկների առջև նրանք դուրս են գալիս խորհրդակցական սենյակից ու ինձ են հանձնում բոլոր չորսի կողմից ստորագրված փաստաթղթերի փաթեթի մեկ բնօրինակը՝ իրենց մոտ պահելով մեկական օրինակ։ Ես համոզվում եմ փաթեթների ամբողջականության ու ստորագրությունների իսկության մեջ ու այդ մասին հայտարարություն եմ անում։ Դրանով իմ առաքելությունն ավարտվում է։
Իրենք գնում են իրենց կարգի բերելու ու միասին ներկայանալու ժողովրդին։
Բազմահազարանոց հանրահավաք է Հանրապետության հրապարակում առանց օտար դրոշների ու օտարալեզու պաստառների։
Հարթակի վրա երկրի չորս պատասխանատուներն են․
Նիկոլը կես քայլ առաջ գալով ընթերցում է չորսի կողմից ստորագրված «Ազգային ունեցվածքի արդար վերաբաշխման ծրագիրն» ու այդ ծրագրի իրականացման ժամանակացույցը։
Մյուս երեքը, հերթով կես քայլ առաջ գալով, համառոտ ուղերձներով դիմում են հավաքված ժողովրդին։
Նիկոլն ընթերցում է չորսի կողմից ստորագրված հայտարարությունը քառասուներորդ օրը ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ անցկացնելու մասին։
Սկսվում է ավանդական համերգը երիտասարդների ու հոգով երիտասարդների համար։
Մինչև ընտրությունների պաշտոնական մեկնարկը ժողովուրդը 7 օր 7 գիշեր քեֆ է անում։
Դրանից հետո ոչ ոք ոչ մեկին չի քցում ․․․»: