ՀՀ կրթության նախարարը դպրոցում օտար լեզուների դասավանդման ցածր մակարդակը կապում է բարձր որակավորում ունեցող կադրերի պակասի հետ։
Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ու երևանյան դպրոցների տնօրենների ամենամյա խորհրդակցության ընթացքում զվարճալի դեպք տեղի ունեցավ։
Թիվ 30 դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը բողոքեց, որ օտար լեզուների դասավանդումը սկսվում է երրորդ դասարանից, և երեխաներից շատերը մոռանում են մանկապարտեզներում ստացած հիմնական գիտելիքները։
Հովհաննիսյանը նշեց, որ դպրոցներում պետք է օտար լեզուների խորացված ուսուցման փորձնական ծրագիր ներդնել։
Նա ասաց, որ ինքը օտար լեզվի խորացված ուսուցմամբ դպրոց է ավարտել, ինչի շնորհիվ լավ է տիրապետում անգլերենին։
Նախարարը կասկածեց, որ տնօրենն իր ասածը կարող է անգլերեն կրկնել, բայց Հովհաննիսյանը հակաճառեց ու Հարությունյանի սխալն ապացուցելու համար սկսեց իր դիրքորոշումն անգլերեն ներկայացնել։
Բայց կրթության նախարարը չհանձնվեց ու մեղադրեց կնոջը, որ ընթացքում նոր տեքստ է հորինում։ Սա վերջնականապես հունից հանեց տնօրենին, և նա սկսեց էլ ավելի բարձր խոսել անգլերեն։
Ելույթը մինչև վերջ լսելուց հետո Հարությունյանն անգլերեն շնորհակալություն հայտնեց, բայց տնօրենի գիտելիքների ցածր մակարդակի վերաբերյալ կարծիքը չփոխեց։ Նախարարի խոսքով` տնօրենի ելույթը ցույց տվեց, որ այս կամ այն առարկայի խորացված ուսուցմամբ դպրոցներն առանձնապես արդյունավետ չեն։
Հարությունյանը միաժամանակ համաձայնեց, որ հանրապետության դպրոցներում օտար լեզուների ուսուցման մակարդակը բավականին ցածր է, ինչը պայմանավորված է նաև բարձր որակավորում ունեցող կադրերի պակասով։