Կարեն Անտաշյանի հրապարակումը. «Ինչ-որ առումով լավ է, որ ստիկանների ու փողոցային երաժիշտների միջև այս տհաճ միջադեպը տեղի է ունեցել, որովհետև սա վեր է հանել լուծում պահանջող կարևոր հարցեր։ Փողոցային երաժիշտները քաղաքի միջավայրաստեղծ կարևոր մասնակիցներից մեկն են։ Սա ենթադրում է և՛ դրական ազդեցություն, և՛ բացասական։ Այս հարցը մեր մոտ որևէ կոնկրետ կերպով չի կանոնակարգվում, թերևս միայն աղմուկի ու հարակից ընդհանուր վարվեցողության կանոնների նորմերով միայն։ Նույն Հյուսիսային պողոտայում ու քաղաքի տարբեր հատվածներով բոլորս էլ բազմիցս ներկա ենք եղել թե՛ հրաշալի, կոլորիտային կատարողների, թե՛ անկապ, անհամ, էնքան որ մի գործիքով բզբզալու պատրվակով գումար հավաքելով զբաղված անձանց։ Հիմա, ինչպես անել, որ մի ձև կանոնակարգվի երաժիշտների գործը փողոցում, որ համ քաղքային մշակույթը չաղքատանա, համ մարդկանց ապրուստի միջոցը չկտրվի, համ էլ մյուս կողմից միջավայրը ավելորդ չաղտոտվի աղմուկով։
Մի քիչ ուսումնասիրեցի, թե դրսերում ինչպես է այս հարցը կարգավորվում, բերեմ Բրիտանիայի օրինակը, անգլերեն այս փեշակը կոչվում է Busking։ Բասքինգը լրիվ օրինական գործունեություն է, որը կարգավորվում է հետևյալ կանոներով՝
1․ Բասքինգ անելու համար պետք է դիմել տեղական ինքնակառավարման մարմնին և ստանալ համապատասխան լիցենզիա, սա կարելի է անել նաև օնլայն, լիցենզիան վճարով է։
2․ Կան սահմանված վայրեր, որտեղ չի կարելի բասքինգ անել։
3․ Թույլտվություն անողը պետք է լինի 14+ տարեկան։
4․ Չպետք է խոչընդոտի կամ դժվարացնի տրանսպորտի ու մարդկանց տեղաշարժերը։
5․ Չպետք է ստեղծի աղմուկի համապատասխան շեմը անցնող ձայնային ազդանշան և աշխատի միայն թույլատրելի ժամային ինտերվալում։
6․ Չպետք է ունենա վճարման դրդող գրառում։
7․ Մանրածախ առևտրով չպետք է զբաղվի, դրա համար կա հատուկ ուրիշ լիցենզիա։
Ես կողմ եմ փողոցային ելույթների լիցենզավորմանը, հայտատուն նախ պետք է նշի իր գործունեության տեսակը և հիմնավորի, որ կարողանում է այն անել, էսթետիկ հարցերը չպետք է գրաքննվեն, կամ պետք է, չգիտեմ, սա նուրբ հարց է, լիցենզիան կարող է լինել անվճար ու անժամկետ, թույլատրելի կամ ոչ թույլատրելի վայրերը, ժամերը, աղմուկի մակարդակը պետք է կանոնակարգել նախապես, յուրաքանչյուր արտիստի կարելի է կցել կոնկրետ վայր նաև, սա էլ է քննարկման նյութ»։