Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի որոշմամբ սթափության փորձաքննության է ենթարկվել Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 26-ամյա Վահագն Ստեփանյանը և պարզվել է, որ նա օգոստոսի 24-ին եղել է ոչ սթափ (խմած) վիճակում:
Խմածության աստիճանը եղել է ամենաբարձրը ու այդ վիճակում նա իր վարած Nissan մակնիշի 35 PC 400 համարանիշի ավտոմեքենայով ( ինչպես կասեր Ազգայի ժողովի պատգամավոր, Շմայս մականվամբ Առաքել Մովսիսյանը) ներխուժել էր ժողովրդին հայտնի՝ Նորագավիթի «գաի պոստի» մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սա Վ. Ստեփանյանի առաջին վթարը չի և նա բազմաթիվ անգամ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, գոստոսի 24-ին, խոշոր ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 26-ամյա Վահագն Ստեփանյանը Երևան-Երասխավան ավտոճանապարհին իր վարած Nissan մակնիշի 35 PC 400 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել ճանապարհային ոստիկանության անշարժ պահակակետի ժողովրդին հայտնի Նորագավիթի «գաի պոստի» մեջ՝ հայտնվելով շենքի ներսում:
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, 24-ամյա Եկատերինա Ալեքսանդրինան, 24-ամյա Ալմա Բակաջանինան, 32-ամյա Աշիկ Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Էրեբունի բժշկական կենտրոն: Մինչ հիվանդանոց տեղափոխվելը, վիրավորները, որոնց առաջինը օգնության էին հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցներն ու քաղաքացիները, տեղում առաջին բուժօգնությունն էին ստացել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից: Դեպքի վայր էի ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր մարել էին բախման հետևանքով ավտոմեքենայում առաջացած հրդեհը:
Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ ավտոմեքենան ամբողջովին վերածվել էր մոխրակույտի: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ: Դեպքի վայր էր ժամանել նաև ՀՀ ՃՈ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխացնել էր Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խուբը՝ ավագ հետաքննիչներ Արարատ Թևոսյանի և Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: