Օգոստոսի 30-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան 77 տանը կնոջ դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Հրաչյա Խոստեղյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Ջոն Ֆարխոյանը և նույն քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված տանը, որը 3 հարկանի է, առաջին հարկում հայտնաբերել են սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածների հետքերով կնոջ դի։ Հանցագործությունը բացահայտելու համար քննչական բաժնի պետ Ս. Մաթևոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը 28-ամյա Մարինե Դանիելյանն էր և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները իրենց տեսադաշտում ունեն կասկածյալ, ում ինքնությունը նախաքննության շահերից ելնելով՝ չենք հրապարակում։
Փաստի առթիվ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչ Արգամ Ռաֆայելյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Տեղում դատաբժիշկը, զննելով դին, հայտնեց, որ մարմնի վրա կան բազմաթիվ սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացված վերքեր, ինչպես նաև կտրած վերքեր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: