Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարդկային ջերմության, հզոր կամքի ու հրաշքների տուն է մեր «Հայրենյաց պաշտպանի տունը»:
Ժողովուրդ ջան, տեսնո՞ւմ եք, երեկ մեր Դավիթն առաջին անգամ կանգնեց, ոտքերը ոնց ռիթմով շարժեց ու պարեց: Տեսարանը տեսնելով բոլորս անչափ հուզվեցինք, պարոն Մուրադյանի աչքերը լցվեցին: Ա՛յ, այսպիսի գոտեպնդող, ոգևորող ջերմություն դրսի ոչ մի կատարյալ կլինիկաներում չեն ունենա մեր տղաները: Իսկ տուն վերադառնալիս երբ իրեն ասեցի, Դավիթ ջան, կեցցե՛ս, դու այսօր մեր հերոսն ես, ի՜նչ լավ պարեցիր: Գիտե՞ք ինչ ասեց, ասեց՝ երբ հավատում ես, հրաշք է լինում, անչափ, անչափ ուրախ էինք երեկ բոլորս, իսկ մեր «ազապ» Արամի խռպոտ ձայնը հիացրեց ոչ միայն մեզ: Արամն էլ ուզում է շատերի համար երգել:
Մեր սիրելի բարեկամ Եղիշե Պետրոսյան ջան, ա՛յ Արամի մասին էի Ձեզ ասում, խնդրում եմ լսեք ու գնահատեք Արամի կատարումը: Մենք կարող ենք, չէ՞, նրա երազանքը կատարել:
Մեկ էլ տեսանյութում ուշադիր եղեք ու կտեսնեք հենակներով Աշոտին, ով վիրավորվել 1999-ին, մի ոտքը կորցրած, մյուսը հազար տեղից վիրավորված, բայց այսօր ինքը պարեց առանց հենակների, դեռ մի ամիս առաջ ինքը սայլակին էր նստած: Աշոտը սեպտեմբերի 1-ին, ինչպես խոստացել է իր տղային, նրան դպրոց է տանելու քայլելով :Հզոր կամք ունեն մեր տղաները, բոլորս հպարտանում ենք իրենցով ու երջանկություն մաղթում բոլորին»: